Անրի Վերնոն այսօր կդառնար 95 տարեկան

«Արդեն գիտեմ, որ այլևս ոչ ոք ինձ չի զգուշացնելու գիշերային զովից, ոչ ոք այլևս ինձ չի մեկնելու այն չնչին բրդյա հագուստեղենը, որ այնքան բարկացնում էր ինձ… Եվ ահա խղճի խայթ եմ զգում նրա չափազանց անհանգստության դեմ իմ բարկության համար»: Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի վերջում հնչող այս տողերն արցունքներ է քաղում ամեն հայի աչքերից, ով գոնե մեկ անգամ տեսել է «Մայրիկը»:

Իսկ ով էր Անրի Վերնոն, որտեղից էին նրա հոգուն այդքան ծանոթ հայի վիշտն ու մորմոքը: Վերնոյի ամենահայտնի երկու ֆիլմերը՝ «Մայրիկ»-ն ու «Պարադի փողոց, տուն 588»-ը կենսագրական ֆիլմեր են: Դրանք պատմում են Հայոց ցեղասպանությունից հետո Մարսել տեղափոխված Հակոբ Մալաքյանի (Վերնոյի հայրիկի) ընտանիքի պատմությունը։

Անրի Վերնոն (իրական անունը՝ Աշոտ Հակոբի Մալաքյան), ծնվել է՝ 1920 թվականի հոկտեմբերի 15-ին Օսմանյան կայսրության Ռոդսթո քաղաքում։  Սովորել է Ստամբուլի (Կոստանդնուպոլիս) կենտրոնական վարժարանում: Վերնոյի ընտանիքի ճակատագիրն, ինչպես այլ հայ ընտանիքի ճատագրեր, շատ նման է մյուսներին. գաղթել են Օսմանյան կայսրությունից Հայոց ցեղասպանությունից հետո 1924 թվականին, երբ Վերնոն ընդամեն 4 տարեկան էր: Որոշ ժամանակով հաստատվել են Հունաստանում, ապա տեղափոխվել են Մարսել:

Վաղ հասակում երգել է Մարսելի հայկական եկեղեցում և հաճախել է Կաթոլիկ դպրոց։ Այնուհետև սովորել է կիրառական արվեստի դպրոցում, 1941 թվականին ավարտել Էքս ան Օտ մարզի ֆրանսիական միջնակարգ դպրոցը (Լիցեյ): 1944 թվականին աշխատանքի է անցել «Հորիզոն» շաբաթաթերթում. հոդվածաշարեր է տպագրել Հայկական հարցի վերաբերյալ, ռադիոհաղորդումներ վարել կինոյի մասին։ 1949 թվականին տեղափոխվել է Փարիզ և աշխատել է կինոյում:

Նրա ֆիլմերում նկարահանվել են նշանավոր դերասաններ Ֆեռնանդելը, Ժան Գաբենը, Ժան-Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Էնթոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Իվ Մոնտանը և ուրիշներ։ Վերնոն ստեղծել է շուրջ 60 լիամետրաժ կինոնկարներ. լավագույններից են՝ «Արգելված պտուղ» (1952 թ.), «Կառնավալ» (1953 թ.), «Կովը և զինվորը» (1959 թ.), «Նախագահը» (1961 թ.), «Ճակատամարտ Սեն Սեբաստիանում» (1968 թ.), «Սարսափ քաղաքում» (1975 թ.), «Հազար միլիարդ դոլար» (1982 թ.) և այլն։

Վերնոն 1988 թվականին Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգի (տեքստը՝ Շառլ Ազնավուրի, երաժշտությունը՝ Տիրան Կառվարենցի) տեսահոլովակի ռեժիսորն է։ Անրի Վերնոյի հիշատակին մի քանի փողոցներ և հրապարակներ են անվանակոչվել Հայաստանում և Ֆրանսիայում:

Վերնոն Ֆրանսիական Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր է և այսօր կդառնար 95 տարեկան: Ցավոք, մեծ հայի կյանքը ընդհատվեց 13 տարի առաջ: Նա իր մահկանացուն կնքեց 2002-ին Փարիզում:

Scroll Up