Արագյալ գյուղում օծվեց նորակառույց Սուրբ խաչ եկեղեցին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղում հոկտեմբերի 12-13 անցկացվեց նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցու օծման և բացման արարողությունը, որը անցկացրեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Մեծ Արագյալ գյուղի եկեղեցու բացմանը ներկա էին հյուրեր տարբեր երկրներից, հարևան շրջաններից և համագյուղացիներ, ովքեր ապրում են արտասահմանի տարբեր երկրներում։ Սուրբ Խաչ եկեղեցու կառուցումը սկսվել էր անցած տարվա ամռանը բարերարներ Արթուր և Աիդա Իսոյանների կողմից և մեկ տարվա ընթացքում կառուցվեց այնպիսի ճարտարապետական կառույց, որը մինչ այդ բացակայում էր Ջավախքի շրջանում։ Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Akhaltskha.Net-ից:
Եկեղեցու բացման և օծման արարողությունից հետո բարերարների հովանավորությամբ Նինոծմինդայի մշակույթի տանը տեղի ունեցավ համերգ, որին մասնակցեց Հայաստանից ժամանած Սայաթ-Նովա ժողովրդական համույթը՝ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արսեն Գրիգորյանը, Աշուղ Լեյլին և այլք։