Կանադայում ապաստան գտած սիրիահայերը մասնակցել են Գոհաբանության ընթրիքին

Սիրիահայ Ծովիկ Բաղջաջյանն ու նրա ընտանիքը կարողացել են փրկվել իրենց ծննդավայրում եւ Կանադայում մասնակցել առաջին Գոհաբանության ընթրիքին:
TORONTO SUN-ի փոխանցմամբ՝ Բաղջաջյանների ընտանիքը սիրիական Հալեպ քաղաքում օջախը լքել է այս տարվա հուլիսին, երբ պայթեցրել են տունը: Ամուսինները որոշել են, որ իրենց 3 մանկահասակ երեխաները չեն կարող հուսալի ապագա ունենալ Սիրիայում: Հուլիսին 5 հոգանոց ընտանիքը Կանադայի Կառավարության առաջարկած փախստականների ծրագրի օգնությամբ հասել է Տորոնտո: Նրանք Սիրիայից եւ Հայաստանից ժամանած 50 փախստականների թվում մասնակցել են առաջին Գոհաբանության ընթրիքին, գրում է Արցախպրեսը:
«Շնորհակալ եմ Կանադայի կառավարությանը, որ գրկաբաց ընդունեց մեզ: Իմ 9-ամյա որդին Կանադա հասնելուց հետո ասաց, որ այստեղ դրախտի է նման»,- նշել է Ծովիկ Բաղջաջյանը: Նա, սակայն, անհանգստանում է Սիրիայում մնացած ընտանիքի մյուս անդամների համար: «Երբեմն ես փորձում եմ հեռախոսով կապվել նրանց հետ, բայց անհասանելի են: Հալեպում կյանք չկա»,- ասել է սիրիահայ փախստականը:
Հալեպից մեկ այլ փախստական՝ 46-ամյա Լեւոն Դանայանի ընտանիքը նույնպես Տորոնտո է ժամանել այս տարվա հունիսին: Ներկայում նա աշխատում է պարենամթերք արտահանող մի ընկերությունում: «Սիրիայում ապրելը սարսափելի է: Այնտեղ մահն է իշխում: Մենք պետք է փրկվեինք պատերազմից: Հուսալի վայր էինք փնտրում: Այստեղ՝ Տորոնտոյում, փորձում ենք հայ համայնքի հետ մեկ ընտանիք դառնալ»,- նշել է Լեւոն Դանայանը:
Հայ համայնքի կազմակերպած միջոցառման կամավոր Արիս Պապիկյանի խոսքով, այս բոլոր մարդիկ իրենց ընտանիքն ու ընկերներն են: «Այս մարդիկ ողջ են մնացել, բայց ցանկացած պահի կարող էին սպանվել պայթյունի, առեւանգման ու գլխատման հետեւանքով»,- հավելել է նա: