Հալեպի հայաշատ թաղամասում հրասանդներ ընկնելու հետևանքով հայեր չեն տուժել

Հալեպի Սրյեն Ժդիյդե թաղամասում հոկտեմբերի 26-ին 2 հրասանդ է ընկել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հալեպի աղբյուրը:
Հրասանդներն ընկել են Հուդա Շարաուի դպրոցի վրա, ինչի հետևանքով 3 մարդ` զոհվել, ևս 24-ը վիրավորվել է: Զոհերից 2-ն աշակերտներ են: Թաղամասում բազմաթիվ հայեր, ինչպես նաև քրիստոնյաներ են բնակվում: Բարեբախտաբար, տուժածների մեջ հայեր չկան:
Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ, իրավիճակը քաղաքում համեմատաբար հանգիստ է, թեև անակնկալներ մշտապես սպասելի են: Հայկական դպրոցները, եկեղեցիները, ակումբները շարունակում են իրենց գործունեությունը: Ինչ վերաբերում է էլեկտրականությանն ու ջրամատակարարմանը, աղբյուրը նշեց, որ էլեկտրականություն օրական միջին հաշվով 3-5 ժամ լինում է, ջրամատակարարում ևս առկա է:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ Հալեպի Համդանիե թաղամասում հրթիռ ընկնելու հետևանքով 4 քաղաքացի` զոհվել, ևս 17-ը վիրավորվել են:
Սիրիայում 3,5 տարի շարունակվող բախումների զոհ է դարձել մոտ 200 հազար մարդ, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: