Ցեղասպանությունները հետազոտողները Բունդեսթագին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ցեղասպանությունները հետազոտողների միջազգային ընկերակցությունը  (International Association of Genocide Scholars (IAGS) Գերմանիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է News.am-ը:

Ընկերակցությունը նամակ է ուղարկել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նորբերտ Ռոտենին, ինչպես նաեւ երկու խմբակցությունների ղեկավարների։

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Գերմանիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կենսական կարեւորություն ունի միջազգային տեսանկյունից։ Բացի այդ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական փաստաթղթերը կարեւոր պատմական նշանակություն ունեն։

Կազմակերպությունը գերմանացի օրենսդիրներին կոչ է անում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին գրավոր եւ պաշտոնապես ձեւակերպել Բունդեսթագի բոլոր խմբակցությունների իրավական դիրքորոշումները, որոնք ճանաչում են Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների, հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը։

Scroll Up