Վալերի Բուայե. Ստրասբուրգում հանդիպման ժամանակ Էրդողանը չմեղադրեց ԻԼԻՊ-ին
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն հարցում է ուղղել ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսին: Ըստ News.am-ի՝ հարցման տեքստը Բուայեն հրապարակել է Facebook-ի իր էջում:
Կիրակի՝ հոկտեմբերի 4-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին առաջարկել են էթնիկ-կրոնական մոտիվներով հանդիպել 15 հազար հոգու հետ: Հանդիպումը, ըստ Բուայեի, կայացել է մարդու իրավունքների մայրաքաղաք Ստրասբուրգում: «Միլիոնավոր ձայներ ընդդեմ ահաբեկչության» անվանումով հանդիպմանը մասնակցել են քաղաքացիներ Ֆրանսիայից եւ Գերմանիայից, ինչպես նաեւ Բելգիայից եւ Շվեյցարիայից:
«Հանդիպման առիթով, որի ընթացքում կանայք եւ տղամարդիկ նստել են դահլիճի տարբեր ծայրերում, էրդողանը Եվրոպայի երկրներում ապրող թուրքերին կոչ է արել պահպանել իրենց մշակույթը՝ այդպիսով դիմակայելով ձուլմանը: Նախագահ էրդողանի՝ 2 ժամ տեւած ելույթը լի էր իսլամիստական եւ ազգայնական բովանդակությամբ կոչերով: Նա հիշատակեց նաեւ ահաբեկչության մասին, բայց չմեղադրեց ԻԼԻՊ-ին:
1915 թվականի փախստականների ժառանգները, որոնք ներկայում բնակվում են ֆրանսիական հողում, ստիպված են հանդուրժել ամբողջ Եվրոպայից թուրք ազգայնականների ժամանումը՝ համընդհանուր անտարբերության ֆոնին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիան դեռեւս չի ճանաչել Ցեղասպանությունը: Կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս կարող էր այդպիսի հանդիպումն անցկացվել մեր երկրում: Կցանկանայի իմանալ Կառավարության դիրքորոշումը ֆրանս-թուրքական հարաբերությունների շուրջ»,- ասված է հայտարարությունում: