Քղիի ավերակների մեջ…

«Դեհ գնա, Բայբո՛ւրդ, դեհ գնա, Բայբո՛ւրդ, դեհ գնա, քո մեջ թաց մնաց,
Հասանի ամրոցում, ա՜խ, բաճկոնս, վերնաշապիկս, տաբատս, կոշիկս մնաց»:
Քղին Բինգյոլ նահանգի գավառներից է: Վերջին ընտրություններում ԱԶԿ-ն Բինգյոլից երկու, իսկ ԺԴԿ-ն մեկ պատգամավոր ունեցավ: Քղիում ԺԴԿ-ն ստացավ ձայների 49,2 տոկոսը, իսկ ընտրողները 3755-ն էին: Այո՛, սխալ չընկալեցիք՝ երեք հազար յոթ հարյուր հիսունհինգ: Իսկ 2014 թ. ընտրություններում ԺԴԿ-ն ձայների միայն 17 տոկոսն էր հավաքել, իսկ ԺՀԿ-ն 40 տոկոս քվեով առաջին կուսակցությունն էր: Մինչդեռ 2011 թ. ընտրություններում 45 տոկոս ձայնով առաջին տեղում ԱԶԿ-ն էր, իսկ վերջին ընտրություններում 31 տոկոս քվե էր հավաքել:
1915 թ. սկզբներին Քղի գյուղաքաղաքում 3900 հայ և մոտ 1000 թուրք/հայ էր ապրում, մինչդեռ գյուղերում հայերի թիվը 37 հազարի էր հասնում: Այն մանածագործության, հողագործության և անասնապահության ոլորտներում բավականին բարձր արտադրողականության շրջան էր:
Այսօր, այնուամենայնիվ, Քղիից դուրս բնակվող քղեցիների թիվը ներկայում Քղիում բնակվողների թվից, ով գիտե՝ քանի անգամ է գերազանցում: Ճիշտ էլբիստանցիների, դերսիմցիների նման… Կարող ենք ասել, որ վերոնշյալ թյուրքուն Քղիին էլ է տիպիկ:
Քղի անունն առաջին անգամ 1967 թ. լսեցի: Թուլայ անունով մի ընկեր ունեի, ով բժշկական ֆակուլտետում էր սովորում և Թուրքիայի բանվորական կուսակցության անդամ էր: Հիշում եմ, որ նրա մայրը չափազանց անհանգիստ, թախծոտ կին էր: Միշտ անհանգստանում էր աղջկա համար, որ նրա գլխին էլ չգար այն, ինչ եղավ իրենց հետ, քանի որ ձախակողմյան էին: Եթե աղջիկը մի քիչ ուշանար, ուղղակի խուճապի էր մատնվում:
Թերևս իրավացի էր. մեր և մյուս սերունդների գլխով ինչեր անցան…
Տարիներ շարունակ մտածում էի, թե Թուլայի մոր խոր վշտի տակ ի՞նչ կար արդյոք: Նրա ընտանիքը, ո՞վ գիտի, քանի դժբախտություն է ապրել, ինչեր է տեսել 1895-96 թթ., 1915 թ., 1938 թ….
Երբ ձեռքս վերցրեցի ընկերոջս՝ Օսեփ Թոքաթի՝ եռալեզու (հայերեն, անգլերեն և թուրքերեն) «Ավերակ Քղի» («Փարոս» հրատ., Ստամբուլ, 2015) վերնագրով վերջին գիրք, առաջինը քղեցի այս թախծոտ կնոջը հիշեցի: Օսեփ Թոքաթն ավելի վաղ հրատարակել է «Վանի արծաթագործությունը» հիասքանչ գիրքը, որը նույնպես եռալեզու է և մրցանակի է արժանացել:
Գրքում նաև Քղիի շրջակայքը ընդգրկող հին քարտեզ է տեղ գտել: Տեղական պատմության առումով նման գրքերի կարիք շատ կա: Տեղաբնակն այնքան է կարոտ նման գրքերի, որ կարծես ոչ թե նույն երկրում, այլ լուսնի վրա կամ Ավստրալիայում է ապրում… Աշխարհագրական այս տարածքից պատմությունը քերվել-հանվել է:
Բինգյոլը և շրջակայքը այն վայրերից են, որտեղ 1915 թ. ցեղասպանության հետևանքներն ամենածանր են եղել: Ե՛վ զոհերի, և՛ հանցագործների տեսանկյունից հետքերը շարունակվում են ցայսօր: Դեռ «կոտորածներից փրկվածներ» կան, ովքեր քանի-քանի աղետներից հետո էլ համառորեն ապրում են այդ տարածաշրջանում: Սակայն հանցագործներն էլ դեռևս ազդեցիկ են այդ տարածքում: Այս պատճառով Բինգյոլը համառ պահպանողական մի կառույց ունի, ինչպես օրինակ՝ Ադըյամանն է:
Օսեթ Թոքաթի գիրքը, որ Քղին ներկայացնում է նախաքրիստոնեական ժամանակաշրջանից, այդ տարածաշրջանն ու մարդուն հասկանալու առումով շատ կարևոր ձեռքբերում է: Գիտեմ, որ այն տարիների աշխատանքի արդյունք է: Որպես սկզբնակետ 1915 թ. եմ առանձնացրել, սակայն սխալ չհասկանաք և շատ հեռու չգնաք: 1915 թ. Անատոլիայի պատմության և աշխարհագրության տեսանկյունից իսկապես սկզբնակետ է, քանի որ Հայկական բարձրավանդակը, Պոնտոսը, Կիլիկիան, Կապադովկիան և նման այլ պատմական բնակավայրեր ավերակի վերածվեցին՝ միաժամանակ դառնալով նաև զուտ անտիկ պատմական անուններ:
Այս պատճառով 1915 թ. նախորդած պատմությունը հասարակությունը, աշխարհագրությունը, մշակույթը յուրատեսակ ժամանակակից հնագիտություն են:
Միայն թե շատ ցավալի է, որ 100 տարվան նախորդած ժամանակաշրջանը շատ հին պատմություն է դարձել, մոռացվել, ջնջվել է հիշողությունից:
Գրքում նաև հիասքանչ աշխարհագրության լուսանկարներ են զետեղվել: Հե՜յ, Թանու լեռ, Սյումբուս, Մարդիկ լեռ, հրաշագեղ Աբվանք… Օսնագ գյուղի 300 տարեկան թթենիներ: Մի ժամանակ այնտեղ մետաքս էր արտադրվում: Հե՜յ, Տրդատ թագավորի ժամանակներից մնացած Քղիի ամրոցի ավերակներ… Տարածաշրջանի հատուկենտ փրկված ձեռագրեր… Խուբս գյուղը (այսօր՝ Յազգյունու) գրեթե ջնջվել է, քանի որ ուսումնատենչ մի վայր է եղել. աղջիկ և տղա երեխաների համար նախատեսված նախակրթարանի հետ մեկտեղ` նաև մանկապարտեզ, ինչպես և Ամերիկայից ուղարկված գրքերով լի դպրոցական գրադարան ու ժողովասրահ է ունեցել…
1915 թ. խուբսեցի կանայք և տղամարդիկ յոթ օր շարունակ դիմադրել են, որոշները կարողացել են հարևան Դերսիմի աշիրեթությունում ապաստանել:
Ներկայում այնտեղ միայն 74 մարդ է ապրում, մինչդեռ նախքան 1915 թ-ը` գյուղում 1700 բնակիչ է եղել՝ 300 տուն հայ, 2 տուն քուրդ: Հայտնի հայ գրող Թլկատինցին (Հովհաննես Հարությունյան) այդ գյուղում ուսուցիչ է եղել, ով ավելի ուշ Ստամբուլի Կեդրոնական վարժարանի տնօրենն էր դառնալու: 1915 թ. հուլիսին Խարբերդում նա, ընտանիքի հետ միասին, Դեր Զորի ճանապարհն է բռնել: Թլկատինցին հայկական գյուղագրության ամենահզոր գրողներից մեկն էր, և եթե չսպանվեր, ով գիտե՝ ինչպիսի ստեղծագործություններ կգրեր, գուցե նաև Քղին նկարագրեր:
Ճերմակ գյուղը (այսօր՝ Յել Դեղիրմենի), որտեղ ապրում էր գրողի ընտանիքը, 1500 հայերով է բնակեցված եղել, 200 տուն հայ և 7 տուն թուրք է ունեցել: Խառը դպրոց է ունեցել, արհեստագործական և մշակութային գյուղ է եղել: Միայն 70 հոգի է ողջ մնացել, որոնց Քարերի քրդերն են փրկել: Բազմաթիվ արհավիրքներից հետո գյուղ վերադարձածներից վերջինը 1953 թ. հեռացավ այնտեղից: Այսօր Ճերմակում միայն 85 հոգի է ապրում:
Իսկ Փերի գետի Սելենկի կամուրջը, որը գրողի պապը՝ Մարտիրոս Սարգսյանն է կառուցել, դեռևս կանգուն է:
Անհամբերությամբ սպասում ենք Օսեփ Թոքաթի մյուս ստեղծագործություններին, հատկապես նրա պատմվածքներին:
Ռագըփ Զարաքոլու
Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը
Akunq.net