Պետք է կապերն ավելի սերտանան հայկական գաղութների ու հայրենիքի միջև. Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի անդամ և Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացնում է Եգիպտոսում հայ գաղթօջախի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերն ու գաղութի խնդիրները:
«Պետք է կապերն ավելի սերտանան հայկական գաղութների միջև և հայրենիքի միջև: Այդ դեպքում գործակցությունն ավելի սերտ կլինի և արդյունքն ավելի շոշափելի կլինի»,-ասաց նա:
Արմեն Մազլումյանը շեշտում է, որ աշխատանք արվում է, և հատկապես Հայոց ցեղասպանության տարելիցի շրջանակներում դրանք հսկայական են եղել, սակայն նշում է, որ պետք է ջանքերը կրկնապատկվեն հատկապես այդ գաղութների մեջ, որոնք նոսրացել են, իսկ Եգիպտոսն այդ երկրների շարքում է:
«Կարծում եմ` պետք է հայապահպանության մասով Հայաստանը ակտիվ դեր ունենա, օգնի մեզ նման գաղութներում գրքերի, ուսուցիչների վերապատրաստման հարցում, որովհետև մեզ մոտ այդ ամենը պատրաստել մի քիչ դժվար է, ուսուցիչ պատրաստել և այլն, այդ հարցերում պետք է ավելի մեծ ջանքեր ուղղել»,-ասաց նա:
Արմեն Մազլումյանը նշեց, որ Եգիպտոսի հայկական գաղութի թիվը դեռևս 50-ականներին 50 000-ի էր հասնում, որոնք հեղափոխությունից հետո աստիճանաբար նվազել և հասել են այսօր 8000-ի: Ըստ նրա՝ հիմնական հոսքը դեպի Արևմուտք է:
«Հիմնականը պատճառը գոյատևման խնդիրն է: Իհարկե, ինքն իրեն պահում է, բայց երթալով այդ թիվը նվազում է Եգիպտոսում: Բայց դպրոցներ ունենք, մեր ակումբներն ու մշակութային կենտրոններն ունենք, երիտասարդների և պատանիների երգչախումբ, պարախումբ, սովորեցում ենք երիտասարդներին հայկական արվեստ և ամեն ինչ, բայց թիվը նվազում է»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ քրիստոնյանների նման արտահոսքը բոլորովին կապ չունի կրոնի հետ:
«Ընդհանրապես Եգիպտոսում հայերը երբեք էլ կրոնական հարց չեն ունեցել, որովհետև Եգիպտոսն ինքն է ընդունել ջարդից փախած 1915թ-ին հայ գաղթականներին: 1915-1919 թթ-ին, 4-5 տարի հայ գաղթականները գոյատևել են վրաններում, իսկ մուսուլմանները նվիրատվությունն են իրենց արել, որ գոյատևեն հայերը: Այնպես որ, չնայած աշխարհում տեղի ունեցող այս խառնաշփոթին, Եգիպտոսում կրոնական հարցեր հայ համայնքը չունի, քրիստոնյա-իսլամ հակամարտություններն ավելի շատ Սիրիայում է, մեզ մոտ բարյացակամ են, եգիպտացի ժողովուրդն ընդհանրապես հայերի նկատմամբ, այդ ծայրահեղական մոտեցումը չկա »,-ասաց նա:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի անդամն անդրադարձավ նաև այս տարվա ընթացքում կատարած մեծածավալ աշխատանքներին. «Մենք ազատ աշխատում ենք և Հայոց ցեղասպանության հարցերով իրազեկում եգիպտացի ժողովրդին ու մտավորականությանը: Հիմնականում մեզ պակասում էր գրականությունն արաբերեն լեզվով, մենք դրա վրա ամբողջ տարի աշխատեցինք, և հրատարակչական գրքերով, թարգմանություններով հիմա 10 գիրք կա, և 10 գիրք ևս պատրաստում ենք, որը վերաբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլ Հայոց պատմության և հայկական այլ հարցերին ՝ ԼՂՀ հիմնախնդիր և այլն»,-ասաց նա:
Երկրորդ ուղղվածությունն ըստ նրա՝ աշխատանքն էր եգիպտական ԶԼՄ-ների հետ: «Ավելի շատ հեռուստակայաններով ենք փորձել տարածել Հայոց ցեղասպանության ու հայերի մասին տեղեկությունները և ասեմ, որ ստացվում է»,-նշեց նա: