Ջուլիա Մութլուն 42 տարի է՝ Թուրքիայում տարածում է հայկական երգն ու պարը

Հայազգի արվեստաբան, «Դալար» երգի-պարի խմբի ղեկավար Ջուլիա Մութլուն 42 տարի է՝ Թուրքիայում տարածում է հայկական երգն ու պարը։ Ջուլիա Մութլուն Անատոլիայում ապրող մեր պապերի կրած տարազների 100 օրինակ է հեղինակել, որոնք համերգներին ցուցադրվել են Հայաստանում եւ այլ երկրներում։

«42 տարի է՝ ես այս գործը Թուրքիայում անում եմ։ Աշխատել եմ բոլոր միությունների հետ,  հայկական երգուպարը տարածում եմ թուրքական բեմերում։ Այնտեղի մեծավորներին հրավիրում ենք, գալիս են մեր համերգներին, մեզ հետ նստում են, դիտում են, շնորհավորում»,- ասում է տիկին Ջուլիան, որն իր գործունեության համար երբեք ճնշումների չի ենթարկվել։

Ջուլիա Մութլուն սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահի նստավայրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացավ «Երախտագիտության» մեդալի։

Իր հայանպաստ գործունեության համար տիկին Մութլուն արժանացել է նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարության ամենաբարձր մեդալի։

Scroll Up