Հրանուշ Հակոբյանը կարևորում է Հայ Կաթողիկե եկեղեցու հետ կապերի ամրապնդումը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Գյումրիում Հայ Կաթողիկե աթոռանիստ Սրբոց նահատակաց եկեղեցու օծումը կարևոր է համարում կապերը զարգացնելու ու համատեղ նոր ծրագրեր իրականացնելու տեսանկյունից:

Նա «Արմենպրես»-­ի հետ զրույցում նշեց, որ Հայ Կաթողիկե եկեղեցու հետ մինչ այս էլ կապերը շատ ջերմ ու արդյունավետ են եղել: «Հայ Առաքելական եկեղեցու համայնքներից հետո, մեծ են Հայ կաթողիկե համայնքները: Թեև կենտրոնը Լիբանանն է՝ Հայ Կաթողիկե եկեղեցու համայնքներ կան շատ երկրներում՝ ԱՄՆ­-ում, Եվրոպայում, Հայաստանում: Մենք Լիբանանում գործող Պատրիարքության, ինչպես նաև Հայաստանյան առաջնորդի հետ շատ լուրջ ծրագրեր ենք իրականացնում՝ հատկապես սիրիահայության օգնության հարցում, որովհետև Հայ Կաթողիկե եկեղեցին իր շուրջ համախմբել է մոտ 200 սիրիահայերի` կարգավորելով նրանց կեցության, առողջության, սննդի, հագուստի խնդիրները: Մենք այսուհետ ևս շարունակելու ենք աշխատանքն այս ուղղությամբ»,­- նշեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Նա հավելեց, որ Գյումրիում Հայ Կաթողիկե աթոռանիստ եկեղեցու բացումը նաև մեծ խորհուրդ ունի: «Հատկապես հանրապետության երկրորդ քաղաքում ստեղծված այս խոշոր կառույցը և՛ ճարտարապետական, և՛ եկեղեցական առումով մեծ խորհուրդ ունի. Կաթողիկե եկեղեցին՝ Հռոմի պապի գլխավորությամբ, հրաշագործություն արեց՝ Ցեղասպանության 100­-րդ տարելիցին մեր նահատակներին նվիրված պատարագ մատուցելով և ի լուր աշխարհի իր բարձրությունից հայտնելով, որ Ցեղասպանությունը եղել է և պետք է այն ճանաչել, դատապարտել և չարագործների ձեռքը բռնել: Սա մեծագույն քայլ էր Հռոմի պապի կողմից: Բացի այդ, հայ ժողովրիդի համար մեծարման մեծ քայլ էր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելը: Դա մեզ, որպես ազգի, պետք է մեկ անգամ ևս գոտեպնդի, որ մենք հազար տարի առաջ նման մեծ ենք ունեցել, որն այսօր էլ արդիական է և այսօր էլ դարձավ համաշխարհային դեմք՝ Հռոմի պապի ձեռամբ»,­- ավելացրեց Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-­ին Գյումրիում ներկա է գտնվել Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը և Սուրբ պատարագին, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցի խորհրդի ներքո՝ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման շրջանակներում: Եկեղեցու բացման կապակցությամբ Պապական Նվիրակ Մարեկ եպիսկոպոս Սոչինսկին ընթերցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ուղերձը:

Արմենուհի Մխոյան

Scroll Up