Ավստրալացի գրողը վարչապետին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
«Ծագում. բացահայտում» վեպի հեղինակ ավստրալացի Լեն Ուիքսը, ով աշխատում է ՄԱԿ-ում, նամակ է գրել Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլին՝ խնդրելով ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունը։
Իր նամակում Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի քաղաքացի Ուիքսը նշել է, որ նա այդ խնդրանքով արդեն դիմել է պատգամավորներին։ Ավելին՝ նախորդ վարչապետը 2013թ. հայտարարություն էր արել Հայոց ցեղասպանության կապակցությամբ, սակայն համարձակություն չէր ունեցել այդ հարցը բարձրացնել իր պաշտոնավարման ժամանակ։
Լեն Ուիքսը Երեւանում ներկա է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին եւ ամաչել է, որ Ավստրալիան եւ Նոր Զելանդիան այդ օրը ներկայացուցիչներ չեն ուղարկել, այլ ընդհակառակը՝ գնացել են Թուրքիա։