Սփյուռքի նախարարությունում քննարկվեցին սիրիահայերի ինտեգրման հարցեր
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/a19.jpg)
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ կենտրոնական վարչության ժողովի անդամ Վազգեն Յակուբյանին, ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հովիկ Յորդեկյանին և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լենա Հալաջյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարն իր գոհունակությունը հայտնեց սերտ համագործակցության համար և բարձր գնահատեց Հայաստանում հաստատված սիրիահայերին Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից ցուցաբերած բազմաբնույթ օգնությունը, խոսեց առաջիկա համատեղ անելիքների մասին:
Նախարարը նշեց, որ վերջին շրջանում, յուրաքանչյուր ամիս շուրջ հազար սիրիահայ է տեղափոխվում Հայաստան: Անհրաժեշտ է վերանայել նրանց հետ տարվող աշխատանքների մեթոդներն ու ձևերը, առավել արդյունավետ կերպով նպաստելու Հայրենիքում նրանց ինտեգրմանը, հանրային կյանքի տարբեր ոլորտներում ակտիվ ներգրավմանը:
Հրանուշ Հակոբյանը առաջարկեց ըստ մասնագիտությունների ստեղծել սփյուռքահայ ուսանողների, գործարարների ու բժիշկների փոքր կամավորական խմբեր և նրանց հետ կազմակերպել հանդիպումներ, քննարկել Հայրենիքի զարգացման և կայունացման գործում նրանց մասնակցությունն ապահովելու, հասարակության լիիրավ անդամ դառնալու խնդիրը: Նա հանձնարարեց այդ նպատակով պատրաստել տեղեկատվական, ճանաչողական թերթոններ, հանդիպումների ժամանակացույց և սկսել աշխատանքները:
Նախարարը նշեց, որ այս ուսումնական տարում ևս ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀԲԸՄ-ն և Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը շարունակվելու են համավճարի կարգով փոխհատուցել բակալավրիատներում սովորող սիրիահայ ուսանողների ուսումնական վարձի մեծ մասը:
Նախարարը հանձնարարեց ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համատեղ պատրաստել նախորդ երեք տարիների ընթացքում ցածր տոկոսով վարկ ստացած և գործարարությամբ զբաղվող սիրիահայերի վերաբերյալ վիճակագրություն և հանդիպումներում քննարկել նրանց հաջողությունների հիմքերը նպաստավոր հանգամանքներն ու ի հայտ եկած խնդիրները:
Քննարկվեց Սիրիահայերի ստեղծագործական կենտրոն ստեղծելու հարցը:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն՝ աջակցել նախարարության կողմից իրականացվելիք բոլոր ձեռնարկներին: