Սփյուռքի նախարարությունում քննարկվեցին սիրիահայերի ինտեգրման հարցեր

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  ՀԲԸՄ կենտրոնական վարչության ժողովի անդամ Վազգեն Յակուբյանին, ՀԲԸՄ  հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հովիկ Յորդեկյանին և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լենա Հալաջյանին:

  Ողջունելով հյուրերին՝  նախարարն իր գոհունակությունը հայտնեց սերտ համագործակցության համար և բարձր գնահատեց Հայաստանում հաստատված սիրիահայերին Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից ցուցաբերած բազմաբնույթ օգնությունը, խոսեց առաջիկա համատեղ անելիքների մասին:

 Նախարարը նշեց, որ վերջին շրջանում, յուրաքանչյուր ամիս շուրջ հազար սիրիահայ է  տեղափոխվում Հայաստան: Անհրաժեշտ է վերանայել նրանց հետ տարվող աշխատանքների մեթոդներն ու ձևերը, առավել արդյունավետ կերպով նպաստելու Հայրենիքում նրանց ինտեգրմանը, հանրային կյանքի տարբեր ոլորտներում ակտիվ ներգրավմանը:

 Հրանուշ Հակոբյանը առաջարկեց ըստ մասնագիտությունների ստեղծել սփյուռքահայ ուսանողների, գործարարների ու բժիշկների  փոքր կամավորական խմբեր և նրանց հետ կազմակերպել հանդիպումներ, քննարկել Հայրենիքի զարգացման և կայունացման գործում նրանց մասնակցությունն ապահովելու, հասարակության լիիրավ անդամ դառնալու խնդիրը: Նա հանձնարարեց այդ նպատակով պատրաստել տեղեկատվական, ճանաչողական թերթոններ,  հանդիպումների ժամանակացույց և սկսել աշխատանքները:

 Նախարարը նշեց, որ այս ուսումնական տարում ևս ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀԲԸՄ-ն և Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը շարունակվելու են համավճարի կարգով  փոխհատուցել  բակալավրիատներում  սովորող սիրիահայ ուսանողների ուսումնական վարձի մեծ մասը:

 Նախարարը հանձնարարեց ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համատեղ  պատրաստել նախորդ երեք տարիների  ընթացքում  ցածր տոկոսով վարկ ստացած և գործարարությամբ զբաղվող սիրիահայերի վերաբերյալ վիճակագրություն և հանդիպումներում քննարկել նրանց հաջողությունների հիմքերը նպաստավոր հանգամանքներն ու ի հայտ եկած խնդիրները:

 Քննարկվեց Սիրիահայերի ստեղծագործական կենտրոն ստեղծելու հարցը:

 Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն՝ աջակցել նախարարության կողմից իրականացվելիք բոլոր ձեռնարկներին:

a2

Scroll Up