Դերենիկ Գաբրիելյան.«Թեպետ Սինգապուրի հայկական համայնքը բաղկացած է ընդամենը 31 ընտանիքից, սակայն ընդունելությունը շատ ջերմ էր եւ հարուստ»

Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումով 2010 թվականին  Սինգապուրում անցկացվեցին առաջին օլիմպիական պատանեկան խաղերը, որին մասնակցում էր նաեւ հայկական մարզական պատվիրակությունը` Օլիմպիկան կոմիտեի նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանի ղեկավարությամբ: Սինգապուրի հայ համայնքից ստացած տպավորությունների մասին  Դերենիկ Գաբրիելյանը պատմեց «Հայերն Այսօր»-ին:

-Ինչպիսի՞ ընդունելության արժանացաք Սինգապուրում:

-Սինգապուրի օդանավակայանում մեզ դիմավորեցին մեր հայրենակիցները: Թեպետ Սինգապուրի հայկական համայնքը բաղկացած է ընդամենը 31 ընտանիքից, սակայն ընդունելությունը շատ ջերմ էր եւ հարուստ: Սփյուռքի նախարարության միջոցով կապ էինք հաստատել Սինգապուրի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք պատրաստություն էին տեսել մեզ դիմավորելու, հայկական համայնքում եւ եկեղեցում ընդունելություն կազմակերպելու համար:

-Մրցումների ժամանակ նրանք Ձեր կողքի՞ն էին:

-Մրցումների ժամանակ մեր կողքին էին: Ոգեւորում էին մեզ, եւ  դա զգում էինք ամեն պահի: Երբ մեր ծանրորդները պետք է դուրս գային մրցումների, հայերը նույնիսկ սնունդն էին ժամանակին հասցնում մարզիկներին: Իրենց ներկայությունը, իրենց դրոշները, ձայները  դահլիճում ավելի էին ոգեւորում մեր մարզիկներին:

-Ի՞նչ հանդիպումներ ունեցաք:

-Մի քանի հանդիպումներ էին  կազմակերպվել հայկական համայնքի կողմից:  Հատկապես տպավորիչ էր Սինգապուրի համալսարանի ղեկավարության հետ հանդիպումը, որին ներկա էին  Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը, մարզիկներ եւ մարզիչներ: Խոսեցինք համալսարանի պատվավոր շրջանավարտների մասին: Համալսարանի զբաղեցրած տարածքը շատ լավն էր: Մարզադահլիճներն ու մարզահրապարակները հիացրեցին մեզ: Ասես մարզական փոքր քաղաք լիներ: Հանդիպում կայացավ նաեւ Սինգապուրի հանրակրթական դպրոցներից մեկի ներկայացուցիչների հետ, որը երկար ժամանակ փորձում էինք կապեր հաստատել հայկական հանրակրթական 114-րդ դպրոցի հետ: Մեզ հրավիրել էին այդ դպրոց, որտեղ Հայաստանի անկյուն էին սարքել. հայկական դրոշ, հայերեն գրքեր: Մենք էլ գրքեր նվիրեցինք նրանց։

Զավեշտալի մի դեպք պատմեմ:  Չիմանալով, որ իրենց մոտ ընդունված չէ պետական աշխատողին նվեր փոխանցելիս համբուրելը, հատկապես եթե պաշտոնյան կին է, հայավարի նվերները փոխանցեցի եւ դպրոցի կին տնօրենին  համբուրեցի։ Ու երեխաների զարմանքը շատ մեծ էր. բոլորը ոտքի կանգնեցին ու սկսեցին ծափահարել։ Իհարկե, հետո տնօրենը շնորհակալություն հայտնեց:

Այդուհետ հանդիպումենր ունեցանք համալսարանում։ Օլիմպիական գյուղը նույնպես մեկ այլ համալսարանական քաղաքում էր, եւ այդ համալսարանում էլ դասավանդող հայեր կային։ Ուր էլ գնում ենք, տվյալ պետությունում հայեր ենք գտնում, ովքեր նշանակալի դեր են խաղում իրենց մասնագիտական ոլորտում։

-Ի՞նչ տպավորություն ունեք Սինգապուրից:

-Ասեմ, որ Սինգապուրը, ի զարմանս մեզ, շատ մաքուր էր.  խցանումներ համարյա չկային: Մի հետաքրքիր բան. այնտեղ փողոցում մաստակ ծամելն արգելվում է, իսկ խանութներում անգամ չի էլ վաճառվում, ինչը, ըստ իս, ողջունելի է: Զարմանալի է, թե ինչպես շատ կարճ ժամանակում այդ երկիրը կարողացել են դառնալ այդքան բարեկեցիկ:

-Ի՞նչ տեղ է գրավում հայկական փոքրաթիվ համայնքը Սինգապուրում:

-Եղել ենք հյուրանոցում, որի հիմնադիրները հայեր են եղել: Լավագույն հյուրանոցներից մեկն է, սկզբում այն եղել է ծովափին, հետո երբ հող են լցրել, առաջ գնացել, հյուրանոցը մնացել է քաղաքի կենտրոնում: Այնտեղ կա նաեւ հայկական փողոց, կոչվում է Հայաստանի փողոց, հայկական եկեղեցի: Հայկական եկեղեցի գնացինք վերջին օրը: Կազմակերպված էր մեծ ընդունելություն մեզ համար, որտեղ ներկա էին երկրի պաշտոնատար անձինք: Հետո ճաշկերույթ եղավ, պար, երգ: Վերադառնալիս նույնպես մեզ բոլորը ճանապարհում էին: Միշտ չէ, որ այսպես են ընդունում եւ ճանապարհում, եւ հաճելի էր, որ թվով փոքր հայկական համայնքի ներկայացուցիչները այսպիսի ընդունելություն կազմակերպեցին:

Scroll Up