Դերենիկ Գաբրիէլեան.«Թէպէտ Սինգապուրի հայկական համայնքը բաղկացած է ընդամէնը 31 ընտանիքից, սակայն ընդունելութիւնը շատ ջերմ էր եւ հարուստ»
Միջազգային օլիմպիական կոմիտէի որոշումով 2010 թուականին Սինգապուրում անցկացուեցին առաջին օլիմպիական պատանեկան խաղերը, որին մասնակցում էր նաեւ հայկական մարզական պատուիրակութիւնը` Օլիմպիկան կոմիտէի նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիէլեանի ղեկավարութեամբ: Սինգապուրի հայ համայնքից ստացած տպաւորութիւնների մասին Դերենիկ Գաբրիէլեանը պատմեց «Հայերն Այսօր»-ին:
-Սինգապուրի օդանաւակայանում մեզ դիմաւորեցին մեր հայրենակիցները: Թէպէտ Սինգապուրի հայկական համայնքը բաղկացած է ընդամէնը 31 ընտանիքից, սակայն ընդունելութիւնը շատ ջերմ էր եւ հարուստ: Սփիւռքի նախարարութեան միջոցով կապ էինք հաստատել Սինգապուրի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք պատրաստութիւն էին տեսել մեզ դիմաւորելու, հայկական համայնքում եւ եկեղեցում ընդունելութիւն կազմակերպելու համար:
-մրցումների ժամանակ նրանք Ձեր կողքի՞ն էին:
-Մրցումների ժամանակ մեր կողքին էին: Ոգեւորում էին մեզ, եւ դա զգում էինք ամէն պահի: Երբ մեր ծանրորդները պէտք է դուրս գային մրցումների, հայերը նոյնիսկ սնունդն էին ժամանակին հասցնում մարզիկներին: Իրենց ներկայութիւնը, իրենց դրօշները, ձայները դահլիճում աւելի էին ոգեւորում մեր մարզիկներին:
-ի՞նչ հանդիպումներ ունեցաք:
-Մի քանի հանդիպումներ էին կազմակերպուել հայկական համայնքի կողմից: Յատկապէս տպաւորիչ էր Սինգապուրի համալսարանի ղեկավարութեան հետ հանդիպումը, որին ներկայ էին Օլիմպիական կոմիտէի գլխաւոր քարտուղար Հրաչեայ Ռոստոմեանը, Սպորտի եւ երիտասարդութեան հարցերի փոխնախարար Սամուէլ Խաչատրեանը, մարզիկներ եւ մարզիչներ: Խօսեցինք համալսարանի պատուաւոր շրջանաւարտների մասին: Համալսարանի զբաղեցրած տարածքը շատ լաւն էր: Մարզադահլիճներն ու մարզահրապարակները հիացրեցին մեզ: Ասես մարզական փոքր քաղաք լինէր: Հանդիպում կայացաւ նաեւ Սինգապուրի հանրակրթական դպրոցներից մէկի ներկայացուցիչների հետ, որը երկար ժամանակ փորձում էինք կապեր հաստատել հայկական հանրակրթական 114-րդ դպրոցի հետ: Մեզ հրաւիրել էին այդ դպրոց, որտեղ Հայաստանի անկիւն էին սարքել. հայկական դրօշ, հայերէն գրքեր: Մենք էլ գրքեր նուիրեցինք նրանց:
Զաւեշտալի մի դէպք պատմեմ: Չիմանալով, որ իրենց մօտ ընդունուած չէ պետական աշխատողին նուէր փոխանցելիս համբուրելը, յատկապէս եթէ պաշտօնեան կին է, հայավարի նուէրները փոխանցեցի եւ դպրոցի կին տնօրէնին համբուրեցի: Ու երեխաների զարմանքը շատ մեծ էր. բոլորը ոտքի կանգնեցին ու սկսեցին ծափահարել: Ի հարկէ, յետոյ տնօրէնը շնորհակալութիւն յայտնեց:
Այդուհետ հանդիպումենր ունեցանք համալսարանում: Օլիմպիական գիւղը նոյնպէս մէկ այլ համալսարանական քաղաքում էր, եւ այդ համալսարանում էլ դասաւանդող հայեր կային: Ուր էլ գնում ենք, տուեալ պետութիւնում հայեր ենք գտնում, ովքեր նշանակալի դեր են խաղում իրենց մասնագիտական ոլորտում:
-ի՞նչ տպաւորութիւն ունէք Սինգապուրից:
-Ասեմ, որ Սինգապուրը, ի զարմանս մեզ, շատ մաքուր էր. խցանումներ համարեա չկային: Մի հետաքրքիր բան. այնտեղ փողոցում մաստակ ծամելն արգելւում է, իսկ խանութներում անգամ չի էլ վաճառւում, ինչը, ըստ իս, ողջունելի է: Զարմանալի է, թէ ինչպէս շատ կարճ ժամանակում այդ երկիրը կարողացել են դառնալ այդքան բարեկեցիկ:
-ի՞նչ տեղ է գրաւում հայկական փոքրաթիւ համայնքը Սինգապուրում:
-Եղել ենք հիւրանոցում, որի հիմնադիրները հայեր են եղել: Լաւագոյն հիւրանոցներից մէկն է, սկզբում այն եղել է ծովափին, յետոյ երբ հող են լցրել, առաջ գնացել, հիւրանոցը մնացել է քաղաքի կենտրոնում: Այնտեղ կայ նաեւ հայկական փողոց, կոչւում է Հայաստանի փողոց, հայկական եկեղեցի: Հայկական եկեղեցի գնացինք վերջին օրը: Կազմակերպուած էր մեծ ընդունելութիւն մեզ համար, որտեղ ներկայ էին երկրի պաշտօնատար անձինք: Յետոյ ճաշկերոյթ եղաւ, պար, երգ: Վերադառնալիս նոյնպէս մեզ բոլորը ճանապարհում էին: Միշտ չէ, որ այսպէս են ընդունում եւ ճանապարհում, եւ հաճելի էր, որ թուով փոքր հայկական համայնքի ներկայացուցիչները այսպիսի ընդունելութիւն կազմակերպեցին: