«Արի տուն-2015». Սաթենիկ Ավետիսյան.««Արի տունը» բացահայտումներով լի էր ինձ համար»

Սաթենիկն ապրում է ԱՄՆ-ի Սիարո Վաշինգտոն քաղաքում, որտեղ շատ քիչ թվով հայեր են ապրում: Իր հասակակիցները օտարազգի են: Ամերիկյան քոլեջ է հաճախում, որովհետև քաղաքում հայկական դպրոց չի գործում:
Սաթենիկը, սակայն, պատմում է, որ ծնողները ջանում են իրեն և եղբորը հայեցի դաստիարակել. Հայաստանի մասին տարբեր պատմություններ են պատմում, համացանցով ցույց տալիս պատմամշակութային վայրերը և այլն:
Աղջկան հայկականությամբ պարուրելու նպատակով մայրը մեծ հույսերով ուղարկել է Հայաստան՝ մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին:
Սաթենիկի համար «Արի տունը» բացահայտումներով լի է եղել. վերջին անգամ Հայաստան է ժամանել հինգ տարի առաջ և տարիքի բերումով լավ պատկերացում չի կազմել այն վայրերից, որտեղ հասցրել է գնալ: Իսկ հիմա իր պատմելով՝ կարծես հասուն մարդու աչքերով է նայում բոլոր վայրերին: Իզուր չէ այն հպարտությունն ու ուրախությունը, երբ աղջնակը շրջագայության ընթացքում հայկական հնամենի եկեղեցիներում, թանգարաններում և այլ վայրերում է լինում: Անպայման լուսանկարում է շինությունները, որպեսզի օտարազգի ընկերներին ցույց տա, թե ինչ գեղեցիկ ճարտարապետությամբ երկիր ունի:
Զրույցի ընթացքում Սաթենիկն ասաց, որ եղբայրն է նպաստել ծրագրին մասնակցելու համար: Նա երեք տարի առաջ է եկել «Արի տուն» և վերադառնալով ԱՄՆ՝ անդադար պատմել է Հայաստանում անցկացրած օրերից, շրջագայության ընթացքում տեղի ունեցած զվարճալի պատմություններից, այնքան, որ նրա ոգևորությունը Սաթենիկին է փոխանցվել: «Միայն ընկերներիս հետ հաղորդակցվելիս եմ դժվարություն ունենում, բայց հույս ունեմ՝ հայոց լեզվի դասընթացներին մասնակցելով՝ հայերենի գիտելիքներս կհարստացնեմ»,- զրույցի վերջում ասաց Սաթենիկը:
Գևորգ Չիչյան