Սան Մարինոյում կկայանա Վեռնոյի «Մայրիկ» վեպի իտալերեն թարգմանության շնորհանդեսը

Սան Մարինոյում կկայանա ֆրանսիահայ ռեժիսոր Անրի Վեռնոյի «Մայրիկ» վեպի իտալերեն թարգմանության շնորհանդեսը: Գրքի հիման վրա նաեւ համանուն ֆիլմն է նկարահանվել, գրում է News.am-ը:

Սան Մարինոյի ռադիոհեռուստատեսության փոխանցմամբ, միջոցառումը կկայանա սեպտեմբերի 30-ին, մշակույթի քարտուղարության եւ Հայաստանի դեսպանության հովանու ներքո: Գրքի իտալերեն թարգմանությունը 2015 թվականին ներկայացվել է նաեւ Թուրինում անցկացված Գրքի միջազգային ցուցահանդեսում:

Միջոցառման մասին հաղորդագրությունում նշվում է.

«1915 թվականին Առաջին աշխարհամարտից սասանված աշխարհը ցնցվեց մեկ այլ սարսափելի ողբերգությունից, որը շուրջ 2 մլն հայի կյանք խլեց: Ողբերգությունը մի քանի տարի տեւեց, եւ դրա ծավալները, ի վերջո, ահասարսուռ չափերի հասան: Այդ իրադարձությունների շուրջ դեռեւս վիճաբանություններ են ընթանում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հռոմի Պապի խոսքերը Հայկական հարցը կրկին կենտրոնացրին միջազգային ուշադրությունը: Իհարկե: Չէ՞ որ հարյուր հազարավոր մարդիկ զոհվեցին, ամբողջական գյուղեր ջնջվեցին երկրի երեսից, իսկ հրաշքով փրկված հազարավոր մարդիկ սկսեցին ապաստան փնտրել ամբողջ աշխարհում:

Մշակույթի քարտուղարությունը շարունակում է մեծ ջանքեր գործադրել՝ պատմական փաստեր տարածելով Սան Մարինոյի՝ որպես հյուրընկալության եւ ազատության հողի մասին: Այն ընդունել է Հռոմից փախած Գարիբալդիին, իսկ Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ փախստականների, որոնց «Հարյուր հազար եղբայրներ» էին կոչում: Նույն էներգիայով հարկավոր է աշխատել՝ երիտասարդների մեջ պատմությունն ուսումնասիրելու եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակելու ձգտում առաջացնելով:

«Մայրիկ» ֆիլմի սցենարը, որը գրել է ռեժիսոր Անրի Վեռնոյը, նուրբ պոեզիա է:  Մարդկանց կյանքում վեր են հառնում ժողովրդի ողբերգության, պատմությունն ու մի ամբողջ ժողովրդի ավանդույթները ոչնչացնելու մասին հիշողությունները:

Ներկայացված մի ընտանիքի կրած սարսափներն ու հույսերը, որը կարողացել է ստորացումներով լի նոր կյանքի միջով անցնել ժպիտով ու արժանապատվությամբ՝ լի սիրո ուժով»:

Scroll Up