Սիրիահայերը վերադարձան Հալեպ. Գաղութը պահպանելու անհրաժեշտություն կա (տեսանյութ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/սիրիահայ.jpg)
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ սիրիահայ Հակոբ Տախանը 4 տարվա բաժանումից հետո հանդիպել է Սիրիայից Հայաստան տեղափոխված իր ընկերներին: Նա Երեւանում է իբրեւ Համահայկական խաղերի մասնակից։ Թեև Հայաստանը շատ է հավանել, սակայն չի երկմտում Սիրիա վերադառնալ։
«Երբ Հալեպում պայմանները վատացան, իմ գրեթե բոլոր ընկերները Հայաստան գաղթեցին: Ասում են, որ այստեղ պայմանները լավ են: Ուրախ եմ, որ տեսա նրանց երկար տարիներից հետո: Բայց ամեն մարդ ինքն է որոշում՝ գալ կամ չգալ։ Բոլորս էլ մեր հայրենիքը շատ ենք սիրում: Բայց մենք մեծացել ենք Հալեպում, մեր գաղութը շատ նահատակներ է տվել»,-ասում է Հակոբը և հավելում, որ ցանկանում է վերադառնալ Սիրիա, քանի որ հայկական գաղութը պահպանելու անհրաժեշտություն կա։
Սիրիահայերի խոսքով՝ թեև գաղութը փոքրացել է, սակայն միասնական է։
«Խմելու ջուր չկա։ Ժողովուրդը զանազան տեղերից ինքն է ջուր հայթայթում։ Անշուշտ, մեր հայկական միությունները մեր հայ գաղութին օգնում են ջրով,ուտեստեղեններով, նյութականով»,- ասում է Պատվիրակության մարզիչ Հակոբ Բզդիկյնանը։
Նա նաև շնորհակալություն է հայտնում հայկական կազմակերպություններին և հատկապես Վրեժ Սարոյանին, ով իր վրա է վերցրել սիրիահայ երիտասարդների Հայաստան ժամանելու ֆինանսական ծախսերի մեծ մասը։
Պարոն Բզդիկյանի դստեր՝ Մինայի խոսքով, ով լողորդուհի է և Համահայկական խաղերի մարզիկներից է, արդեն սովոր են անընդհատ լսվող արկերի պայթյուններին։
Երիտասարդները խոստովանում են՝ անհամբեր սպասում են պատերազմի ավարտին։
Հիշեցնենք, որ մոտ 16 օր Հալեպը զրկված էր ջրից եւ էլեկտրաէներգիայից։ Այն նոր սկսել է վերականգնվել։ Բախումները քաղաքում շարունակվում են։