Արգենտինայում տեղի ունեցավ «Անլռելի արվեստը» գրքի շնորհանդեսը

Օգոստոսի 11-ին Բուենոս Այրեսի  քաղաքապետարանի օրենսդրական մարմնի Մշակույթի տան «Ոսկե» սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Անլռելի արվեստը» գրքի շնորհանդեսը: Այս մասին հեռախոսազրույցի ժամանակ  «Հայերն այսօրին» տեղեկացրեց ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի վարչակազմի անդամ  Անտոնիո Սարաֆյանը, ով գիրքը  հրատարակելու գաղափարի հեղինակն է:

Պարոն Սարաֆյանը, ողջունելով ներկաներին, ասաց. «Մեր ժողովրդի Ցեղասպանությունն իրողություն է, սակայն հայ ժողովրդի գոյատևման արժեքավոր վկայումն են մեր արվեստագետները, մեր մշակույթը, որոնք չեն թողնի մոռացվի հայ ժողովրդի գլխին պատուհասած վիշտը»:

Գրքում ընդգրկված են Արգենտինայում բնակվող 40 արվեստագետների՝ նկարիչների, քանդակագործների, ստեղծագործությունները: Այնտեղ արտացոլված է Հայոց ցեղասպանության գաղափարը: Իսկ արվեստագետներն աշխատանքների կողքին գրել են Ցեղասպանության ականատես տատիկների, պապիկների վկայություններից մի դրվագ, որոնց մասին իրենց ծնողներից են լսել:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից հրատարակված «Անլռելի արվեստ»-ը գրքի հեղինակը Արգենտինայի «Սարդարապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանն է: Անտոնիո Սարաֆյանի առաջարկով Դիանա Տեր-Կարապետյանը հանձն է առել արվեստագետների հետ կապ հաստատելը և խմբագրական ողջ աշխատանքների իրականացումը:

Հյուրերին  ուղղված խոսքում Դիանա Տեր-Կարապետյանը կարևորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին գրքի լույս ընծայման անհրաժեշտությունը՝ ներկայացնելով այնտեղ զետեղված ընտանեկան վկայությունները և իր աղջկան տված թանկ պատգամը: Գրքի հրատարակությունը հովանավորել է բարերար Նադիա Էքսերճյանը՝ ի հիշատակ ամուսնու՝ բարերար Արմեն Էքսերճյանի:

Պրոֆեսոր և պատմաբան Միրթա Ճերեճյան-Սարաֆյանը  ներկայացրեց գրքի գեղարվեստական բովանդակությունը և հրատարակության մեջ տեղ գտած  արվեստագետների  իրապատումները:

Գրքի շնորհանդեսին ներկա էին Արգենտինայում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը, Բուենոս Այրեսի քաղաքապետարանի Մարդու իրավունքների և մշակութային բազմակիության փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխը, քաղաքապետարանի  համայնքների ընդհանուր վարչության տնօրեն Խուլիո Քրոչինը, ՀԲԸՄ-ի միության ատենապետ Համբարձում Հալաճյանը, միության պատվո և բարերար անդամներ, համայնքային  ղեկավարներ և այլ հյուրեր:

Միջոցառման գեղարվեստական մասում կոմիտասյան և այլ կատարումներով հանդես եկավ տենոր Մարսելո Գևորգյանը:

Գևորգ Չիչյան 

 a2a3a4 a6

Scroll Up