Ցեղասպանությունը` լուսանկարներում. Տարսոնի Սուրբ Աստվածածին ( Պողոս Առաքյալ) եկեղեցու սրահը
Հայոց ցեղասպանության պատմությունը փաստագրված է տասնյակ հազարավոր վավերագրերով: Բացառիկ փաստագրական ապացույց են Հայոց ցեղասպանության տարիներին հայ և օտարազգի լուսանկարիչների արած հարյուրավոր լուսանկարները: Տարեցտարի ի հայտ են գալիս Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները փաստող նոր լուսանկարներ, որոնք հնարավորություն են տալիս առնչվելու տեղի ունեցածին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեկ տեղում՝ «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքում է հավաքել հայերի կոտորածը պատկերող լուսանկարներ, որոնց մի մասն ArmenianGenocide100.org-ը պարբերաբար ներկայացնում է:
1909թ. Ադանայի և Հալեպի վիլայեթների կոտորածներն ուղեկցվեցին հայկական տասնյակ պատմամշակութային հուշարձանների ( վանքեր, եկեղեցիներ, գերեզմանատներ և այլն ) ոչնչացմամբ :
Վանքերի ու եկեղեցիների մեծ մասը կողոպտվեց ու հրկիզվեց, սակայն քարաշեն այն եկեղեցիները, որոնք հնարավոր չեղան ոչնչացնել հրկիզմամբ, ջարդարարները պղծեցին, ապականեցին քրիստոնեական սրբությունները: Նույնկերպ Տարսոնի հայ բնակչությանը կոտորելուց ու Սուրբ Աստվածածին միակ հայկական եկեղեցին ամբողջովին կողոպտելուց հետո թուրք զինվորները փորձեցին բոլոր կողմերից հրկիզել այն: Քարաշեն եկեղեցին հրկիզել նրանց չհաջողվեց, ուստի ասկյարները կրոնական քինախնդրությամբ նախ քանդեցին խորանը,ապա պղծեցին այն` օգտագործելով որպես արտաքնոց: Ականատեսների վկայությամբ` Տարսոնի հիշյալ եկեղեցին վերջնականապես հողին չհավասարեցվեց տեղի թուրք բնակչության շնորհիվ, նրանք, հիացած այդ շինության գեղեցկությամբ ու ամրությամբ ակնկալում էին հետագայում այն մզկիթի վերածել:
«Տարսոնի պատմական հայոց եկեղեցին,որ քաղաքի ամենակարևոր շենքն էր, թալանվեց, մարմարից արձանները քանդվեցին, իսկ այն ինչ հնարավոր էր տանել տարան, բայց այն դիմացավ բոլոր կրակոցներին»:
Հերբերտ Ադամս Գիբոնս, ամերիկացի միջազգայնագետ