Ասմունքի համահայկական փառատոն՝ Արցախի մշակութային մայրաքաղաքում
Արդեն 4-րդ տարին է՝ Արցախի մշակութային մայրաքաղաքում՝ Շուշիում, անցկացվում է Ասմունքի համահայկական փառատոնը, որը համախմբում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի դպրոցականներին ու երիտասարդներին: Մշակութային այս գեղեցիկ ձեռնարկի նախաձեռնողը ԱՄՆ-ի Համահայկական առևտրային պալատի ցանցի խորհրդի անդամ, Շուշիի «Ավան Շուշի պլազա» հյուրանոցի բաժնետերերի խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյանն է: Փառատոնի նպատակն է՝ աշխուժացնել ու հարստացնել Շուշիի մշակութային կյանքը:
Այս տարի համահայկական փառատոնը կիրականացվի օգոստոսի 17-21-ը: ՀՀ սփյուռքի նախարարության, ԼՂՀ կրթության և գիտության նախարարության և «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցի նախաձեռնութամբ և աջակցությամբ իրականացվող «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և հայ ազգի վերածնունդը» խորագրով փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ալեք Բաղդասարյանը «Հայերն այսօրի» հետ զրույցում նշեց, որ փառատոնին այս տարի կմասնակցեն 61 ասմունքող՝ Հայաստանից և Սփյուռքից (ԱՄՆ, Լիբանան, Ուկրաինա, Բելառուս, Սիրիա, Ջավախք, Իրան), նաև 42 ասմունքող՝Արցախից: Մասնակիցները կներկայացնեն երկու գործ, մեկը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանությանը, մյուսը հայ ժողովրդի վերածնունդն է խորհրդանշելու:
Փառատոնի տարիքային խմբերը երեքն են՝ 9-12, 13-15 և 15-ից բարձր, ուր մրցում են ամեն մեկն իր տարիքային խմբի շրջանակում: Այսինքն՝ փառատոնը նաև մրցույթ է՝ իր բոլոր կանոններով՝ հանձնաժողով, տարբեր կարգի մրցանակներ: Հանձնաժողովը, որը կազմվում է պրոֆեսիոնալ մասնագետներից, շատ լուրջ է մոտենում մրցույթ-փառատոնին՝ անաչառ գնահատելով յուրաքանչյուր ելույթ:
Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն վարպետության դասեր, մասնակիցները կայցելեն Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր:
«Այս փառատոնը միավորում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդներին: Այդ 2-3 օրը իսկական տոն, անմոռանալի օրեր են դառնում ո´չ միայն մասնակիցների, այլև Շուշի քաղաքի բնակիչների համար»,- իր խոսքը եզրափակեց Ալեք Բաղդասարյանը: