Անժելա Սարաֆյանը «Խոստումը» դրամայում կխաղա Օսկար Այզեքի կնոջ դերը

Հայտնի է դարձել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) դրամայում նկարահանվող ևս մեկ դերակատարի անուն՝ Անժելա Սարաֆյան: Նա կխաղա Օսկար Այզեքի կնոջ դերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը` վկայակոչելով The Wrap կայքը, ֆիլմի պրոդյուսերներն են Մայք Մեդավոյը («Սև կարապ»), Էրիկ Իսրայելյանը, Ռալֆ Ուինթերը («X­Men») և Ուիլիամ Հորբերգը («Կաթ»):

Քըրք Քըրքորյանի կողմից Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» դրամայի ֆինանսավորման մասին ԶԼՄ­ներին հայտնի է դարձել հունիսի 15­-ին: Նույն օրը բարեգործը մահացել է 98 տարեկանում: Կինոժապավենի ռեժիսոր Թերի Ջորջը հայտնի է օսկարակիր «Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմով: Սցենարի հեղինակներն են Թերի Ջորջը և «Գեյշայի օրագիրը» ֆիլմի սցենարիստ Ռոբին Սվայքորդը:

Գլխավոր դերակատարներն են բրիտանացի դերասան Քրիստիան Բեյլը` ամերիկացի լրագրողի դերում, գվատեմալացի Օսկար Այզեքը` ուսանող բժշկի դերում և կանադուհի Շառլոտա Լեբոնը:

Հայ քահանայի դերի համար ընտրվել է մեքսիկացի դերասան Դանիել Խիմենես Կաչոն: Ամերիկահայ լեգենդար գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը մահվանից առաջ հոգացել է, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի: Ֆիլմը նկարահանելու է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քըրքորյանի Tracinda Corporation­ը ֆինանսավորելու է կինոընկերությանը ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում:

Ֆիլմի նկարահանումները տեղի կունենան Մադրիդի շրջակայքում, Սեգովիայում և Ավիլայում: Ֆիգերասում նկարահանումները կանցկացվեն Սան Ֆեռան ամրոցում, որը 18­րդ դարի ռազմական բերդ է` կառուցված բլրի վրա:

Scroll Up