Հայրենաճանաչողության օր «Սփյուռք ամառային դպրոցում»
Հուլիսի 27-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունը «Սփյուռք ամառային դպրոց»-2013թ ծրագրի մասնակիցների համար հայրենաճանաչողության օր էր կազմակերպել:
Առավոտյան մասնակիցները Ծաղկաձորից մեկնեցին Օշական:
Սփյուռքահայ մասնակիցներին դիմավորեց և ողջունեց Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր սպասավոր Տ. Զորայր քահանա Կարապետյանը:
Այնուհետև «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներն ուղևորվեցին Էջմիածին:
Մայր տաճարում դասընթացների մասնակիցներին դիմավորեց Ս Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն հայր Վարդան վարդապետ Նավասարդյանը և ծանոթացրեց Մայր տաճարի պատմությանը:
Հայր Վարդանը մասնակիցներին հորդորեց հավատարիմ մնալ Հայ Եկեղեցու օրենքներին, մայրենի լեզվին ու մշակույթին: Միայն այդ ամենը որպես վահան ունենալով՝ հնարավոր է դիմագրավել ձուլման և ինքնության կորստի վտանգներին:
Էջմիածնից մասնակիցները մեկնեցին Եռաբլուր, որտեղ հանգչում են մեր նորօրյա հերոսները, որոնց շարքերում քիչ չեն նաև սփյուռքահայերը, ովքեր վտանգի պահին Հայրենիքի կողքին եղան և իրենց կյանքը նվիրեցին մեր բոլորիս Հայրենիքին:
Օրն ավարտվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ, որտեղ մասնակիցները խնկարկեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Լ. Աբրահամյան