«Կամպ Արմենը» կառուցվել է 8-ից 12 տարեկան ավելի քան 1500 երեխայի ջանքերով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/0129-300x225.jpg)
Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից առաջ որոշ գործիչների հայտարարությունները «Կամպ Արմեն» որբանոցը հայ համայնքին վերադարձնելու մասին ընդամենը մարդկանց մոլորեցնելու նպատակ էին հետապնդում։ Դրա մասին ըստ News.am-ի՝ օգոստոսի 7-ին Երեւանում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է «Նոր Զարթոնք» կազմակերպության համանախագահ Անուշ Կազան Ասատրյանը։
Նա պատմել է, որ «Կամպ Արմեն» որբանոցի տարածքը գնվել է Հայ բողոքական եկեղեցու «Գեդիկփաշա» հիմնադրամի կողմից 1962 թվի նոյեմբերի 15-ին։ «Որբանոցի շենքը կառուցվել է երեք ամսվա ընթացքում՝ 8-ից 12 տարեկան երեխաների ջանքերով։ Ինչպես ասում էր Հրանտ Դինքը, որբ եւ աղքատ երեխաները նախ իրենց համար տուն կառուցեցին, իսկ հետո՝ մի ամբողջ քաղաքակրթություն։ Որբանոցի քանդման աշխատանքները, որոնք սկսվել էին մայիսի 6-ին, դադարեցվեցին Տուզլայի ժողովրդավար բնակիչների, մի շարք քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ջանքերով,- նշել է Անուշ Կազան Ասատրյանը։ Ներկայումս,-շարունակել է նա,- ավելի քան 1500 երեխայի ջանքերով կառուցված որբանոցը, որի ամեն քարը, ամեն ծառը հայ մանուկների հմուտ ձեռքերի արդյունքն է, կանգնած է քանդող մեքենաներին դեմ-հանդիման»։