ՀՀ Կրթության և գիտության նախարարն այցելեց Ջավախք

Օգոստոսի 1-ին ոչ պաշտոնական այցով Ջավախք այցելեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։Այս մասին հաղորդում է akhaltskha.net կայքը:

Ախալքալաքի Հայկական Երիտասարդական Կենտրոնում նախարարը նախ ծանոթացավ «Ջավախքի ճամբար» ճամբարային ծրագրին, զրուցեց կազմակերպիչների եւ ճամբարին մասնակցող երեխաների հետ, ապա կենտրոնի գրասենյակում հանդիպեց կենտրոնի անձնակազմին, դպրոցների ուսուցիչներին եւ տնօրեններին։

Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան նախարար Արմեն Աշոտյանին ներկայացնել  կրթական ոլորտի հետ կապված իրենց  հուզող հարցերը։ Արմեն Աշոտյանը խոստացավ հնարավորության սահմաններում նպաստել բարձրացված խնդիրների լուծմանը։
Ախալքալաքի երիտասարդական կենտրոնից Արմեն Աշոտյանը այցելեց Նինոծմինդայի Երիտասարդական Կենտրոն, որտեղ դիտեց կենտրոնի սաների կողմից պատրաստված մի գեղեցիկ միջոցառում։ Միջոցառումը կոչվում էր «Ջավախքի օդա» (Ջավախքի սենյակ), որի ժամանակ Նինոծմինդայի Երիտասարդական Կենտրոնի սաները ցուցադրեցին, թե ինչպես են գորգ պատրաստում։ Միջոցառման ավարտին նախարար Արմեն Աշոտյանին նվիրեցին Երիտասարդական Կենտրոնում պատրաստված Անմոռուկը խսրհրդանշող փոքրիկ գորգ, որը նախարարը խոստացավ  կախել իր գրասենյակի պատից։
Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ հաջորդ անգամ անպայման կայցելի  նաեւ Ախալցխա։
Նինոծմինդայի Երիտասարդական Կենտրոնից նախարար Արմեն Աշոտյանը մեկնեց Թբիլիսի հանդիպելու Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թամար Սանիկիձեին։
Հարկ է նշել, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին Վրաստանի սահմանից ամենուր ուղեկցում էին Վրաստանի անվտանգության ծառայության աշխատակիցները։

j1j2 j3 j4

Scroll Up