«Վերադարձ» ճամբարը Գանձայում

Հուլիսի 19-ին Գանձայում մեկնարկեց «Վերադարձ» բակային ճամբարը, որին մասնակցում էին ավելի քան 40 երեխաներ: Այս մասին տեղեկացնում է  akhaltskha.net կայքը:

Այն ուղղված էր երեխաների ազգային, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական դաստիարակության իրականացմանը, ազգային արժեքների ձևավորմանը, Վահան Տերյանի կյանքի, պոեզիայի, մանկության հուշերի մասին երեխաների հնարավոր իմացությանը:

Ըստ այդմ էլ ճամբարի յուրաքանչյուր օրը խաղերից, դասընթացներից բացի, հագեցած էր «տերյանական շնչով»: Այստեղ երեխաները ուսուցման և ժամանցի ոչ ավանդական մեթոդների օգնությամբ նոր գիտելիքներ և ընկերներ ձեռք բերեցին, ուրախ և հետաքրքիր օրեր անցկացրեցին, սովորեցին միմյանց օգնել, համագործակցել, կարգապահ լինել, ինչպես նաև ձեռք բերեցին տարբեր կարողություններ:

Ամառային ճամբարի ծրագիրը ներառում էր նաև ուրախ մարմնամարզություն, զարգացնող վարժություններ (հիշողություն, տրամաբանություն, երևակայություն և այլն), էկոլոգիական կրթության տարրեր, տարբեր դասընթացներ՝ քաղաքավարության, էկոլոգիական, մշակութային թեմաներով, զանազան ստեղծագործական աշխատանքներ, մրցույթ-խաղեր, աղոթքի, ազգային որոշ պարերի, երգերի, ճամբարի հիմնի ուսուցում, էքսկուրսիաներ («Տերյանի բոստան», Ախալքալաքի գավառագիտական թանգարան), հանդիպում այլ ճամբարականների հետ:

Երեխաների ոգևորությունն ակնհայտ էր: Իսկ ճամբարի փակման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին՝ «Տերյանական պոեզիայի օրը»: Մինչ պատարագը ճամբարականները հանդես եկան Տերյանի բանաստեղծություններով, ճամբարի հիմնի կատարումով և այլ երգ ու պարերով:

Ճամբարի հիմնադիր Ն. Սիրականյանը հավաստագրեր բաժանեց սաներին, շնորհակալություն հայտնեց օգնականներին՝ (Ա. Գալոյանին, Հ. Լևոնյանին և Ս. Մարգարյանին), ինչպես նաև ճամբարի հովանավորներին՝ մոսկվաբնակ գանձացիներին, մասնավորապես՝ Դ. Քեթցյանին և Ա. Հակոբյանին:

Scroll Up