«Ամենաբարդն ամեն ինչ նորից սկսելն է». սիրիահայ ընտանիք
Հալեպահայ ոսկերիչ Արման Չիրիշյանը Վերնիսաժում իր տաղավարն ունի: Նա իր տիկնոջ՝ Լուսին Բարսումյանի ու երեքամյա դստեր հետ է եկել Հայաստան. նրանց երկրորդ երեխան այստեղ է ծնվել: Այս ընտանիքը նույնպես, ինչպես հալեպահայ շատուշատ ընտանիքներ, մինչև սիրիական պատերազմը Հալեպում բարեկեցիկ ու անհոգ կյանքով էր ապրում:
Հալեպում Արման Չիրիշյանը սեփական խանութն ուներ, որտեղ իր պատրաստած ոսկյա, ադամանդե ու մարգարտե զարդերն էր վաճառում, իսկ Լուսինը Հալեպում ուլունքագործության դասեր էր տալիս, թև մասնագիտությամբ հաշվապահ է: Հայաստան ժամանելու առաջին իսկ շաբաթից Լուսին Բարսումյանը սկսեց ամուսնուն օգնել:
«Ես մինչև Երևան գալը ազատ ժամանակ չեմ ունեցել, ամեն րոպե աշխատել եմ, մինչև ամուսնանալս էլ. երբ համալսարանը ավարտեցի, արդեն աշխատանք ունեի: Հայաստանում առաջին իսկ շաբաթից սկսեցի ցուցահանդեսների մասնակցել, իմ պատրաստած բիժուտերիաները վաճառել: Կամաց-կամաց հաճախորդներ ունեցա: Հիմա երեխաներս մանկահասակ են, երբ տղայիս մանկապարտեզ ուղարկեմ, մտադիր եմ հաշվապահության մեջ հմտանալ»,-ասում է Լուսին Բարսումյանը:
Արման Չիրիշյանը սկզբում հայաստանյան շուկան է ուսումնասիրել, ծանոթացել տեղի ճաշակին: Որոշ ժամանակ նա Ոսկու շուկայում էր իր զարդերը վաճառում, հետո տեղափոխվեց Վերնիսաժ ու մասնագիտացավ արծաթեղենի վաճառքում: «Կամաց-կամաց ծանոթացա մարդկանց նախասիրություններին և հաճախորդներս շատացան: Հիմա մարդիկ կան, հատուկ ինձ համար Վերնիսաժ են գալիս: Կինս ոչ մի ցուցահանդես-վաճառք բաց չի թողնում, անպայման մասնակցում է, ես էլ ամեն կերպ խրախուսում, քաջալերում եմ նրան. աշխատանքն ամոթ չէ», – ասում է Արմանը:
Հայաստանում ամենաբարդն այս ընտանիքի համար ամեն ինչ նորից սկսելն էր: «Ամեն ինչ Հալեպում ենք թողել: Երբ եկանք այստեղ՝ չգիտեինք՝ որտեղ ապրել, խանութ ինչպես բացել: Հոգնեցինք, մինչև մեր կյանքը, գործը դասավորվեց, հաճախորդներ ունեցանք: Հասարակության հետ խնդիրներ չենք ունեցել, շատ քիչ եղել է, որ մեզ օտարի պես են նայել: Մենք հարմարվել ենք շրջապատին, իրենք էլ՝ մեզ»,- ասում է Լուսին Բարսումյանը:
Մարիաննա Ղահրամանյան
womennet.am