«Սփյուռք ամառային դպրոց-2015». Մեկնարկել է Սփյուռքահայ լրագրողների ամառային դասընթացը

Մեկնարկել են ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի Սփյուռքահայ լրագրողների դասընթացները: Երիտասարդ ու սկսնակ լրագրողները եկել են հայրենիք՝ գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները կատարելագործելու, լսելու արհեստավարժ մասնագետների խորհուրդները: Նրանք ավելի քան ոգեւորված են, որովհետեւ ոչ բոլորն են մասնագիտությամբ լրագրող: Նրանց մեջ կան իրավաբաններ ու միջազգայնագետներ, մենեջերներ: Բայց գտնելով իրենց հենց լրագրության ոլորտում` աշխատում ու ապրում են լրագրողի կյանքով` թղթակցելով ինչպես Սփյուռքի հայկական, այնպես էլ` օտարարալեզու լրատվամիջոցներին: Մասնակիցների աշխարհագրությունը բազմազան է` Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Սիրիա, Լիբանան, Ֆրանսիա:

Ամառային դպրոցը կտեւի տասը օր, մասնակիցներին կդասավանդեն Մայր բուհի ու հայկական մի շարք լրատվամիջոցների առաջատար մասնագետները` սկսելով հայոց պատմության հիմնահարցերից, Հայկական հարցից, Թուրքիայի` Հայոց ցեղասպանության խնդրի նկատմամբ քաղաքականությունից, համացանցում հայագիտության արդի մարտահրավերներից, Արցախյան հիմնահարցից ու հասնելով բուն մասնագիտական ոլորտ` լրագրողի վարպետություն, ՀՀ-Սփյուռք գործակցությունը լրատվական դաշտում, հասարակական գիտակցություն ու լրատվական միջավայր եւ այլն:

Առաջին դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան հայ ժողովրդի ծագումնաբանությանը, Հայկական լեռնաշխարհի տարածքային եւ աշխարհագրական առանձնահատկություններին, կարճ ակնարկ կատարեցին հայ ազգի պատմական նշանակությանն ու կարեւորությանը, խոսեցին հարեւան ազգերի կողմից տարվող հակահայ քարոզչությունից եւ փորձեցին արդյունավետ ուղիներ գտնել դրա դեմ պայքարի համար, լսեցին բոլոր հնարավոր գիտական փաստարկներն ու վարկածները:

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը մասնագետներին ներկայացրեց ինստիտուտի 8 հայագիտական կայքերը, որոնք անսպառ տեղեկատվություն են պարունակում մեր պատմության, լեզվի, հավատքի, մշակույթի մասին` ներառելով հազվագյուտ քարտեզներ ու ատլասներ, գրքեր ու փաստաթղթեր, տեսաֆիլմեր ու բացառիկ նկարներ: Դասի ավարտին սփյուռքահայ լրագրողները դիտեցին թուրքագետ Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի ու ներկայի խաչմերոււկներում» վավերագրական ֆիլմը, որը բավականին ազդեց մասնակիցների ներաշխարհի վրա. լսելով համշենահայերի քաղցր բարբառը, հասկանալով նրանց խոսքն ու նրանց աչքերում գտնելով իրենց նախնիներին` մասնակիցները հուզվեցին եւ վրդովեցին այն փաստից, որ թուրքերը փորձում են համշենցիներին ապացուցել, որ իրենց բարբառը եւ լեզուն թուրքերենից է սերում:

Դասի ավարտին լրագրողները մի փոքր խոսեցին Սփյուռքում իրենց հանդիպող խնդիրների մասին: Հատկապես անդրադարձան լեզվի ու ոճի խնդրին: Հայալեզու թերթերը այլեւս առաջվա սպառումը չունեն: Օրինակ` Ռուսաստանում լույս տեսնող «Նոեվ Կովչեգ» ամսաթերթը հենց սկզբից էլ լույս է տեսել ռուսերենով` հաշվի առնելով լսարանի պահանջները: «Ասպարեզ» թեթը, որ լույս է տեսնում ԱՄՆ-ում, անգլալեզու է: «Ասպարեզը» լայն ճանաչում ունի հայկական շրջանակներում, քանի որ անգլալաեզու տեղեկատվությունն ավելի պահանջված է: Օրինակ` «Ակօսը» եւս ունի հայերեն բաժին, որի խմբագիրը Բագրատ Էստուկյանն է, սակայն այն բավականին աղքատիկ է` համեմատած թերթի հրապարակած թուրքալեզու տեղեկատվության հետ:

Իսկ ոճի առումով մասնակիցները նշեցին, որ հաճախ նոր ձեռագրի կարիք է զգացվում: Իրեն սպառած պաթոսին պիտի փոխարինելու գա անաչառ, հրատապ ու փաստականացված լրագրությունը: Մասնակիցները առանձնացրին նաեւ ֆինանսական, կադրերի պակասի ու ինտերնտում հասանելիության խնդիրները: Սակայն բոլորն էլ հույս հայտնեցին, որ դասընթաներից կմեկնեն լուծումներ գտած ու մասնագիտական հարուստ պաշարով:

Այնուհետ դասընթացի մասնակիցներն այցելեցին Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ուր դեկան Նաղաշ Մարտիրոսյանը իրեն հատուկ ոգեւորվածությամբ ու հյուրընկալությամբ դիմավորեց մասնակիցներին, ծանոթացրեց ֆակուլտետի հնարավորություններին, ծրագրերին ու ձեռքբերումներին` հույս հայտնելով, որ մասնակիցներից ոմանք կմնան եւ ուսումը կշարունակեն հենց այստեղ:

 Ամալյա Կարապետյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

Scroll Up