Այսօր Բաբկեն Ներսիսյանի ծննդյան օրն է

Հայ թատրոնի անվանի դերասան Բաբկեն Ներսիսյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 18-ին՝ Թբիլիսիում: Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնում դերասանական կյանքի ուղին սկսած տաղանդավոր դերասանն  իր ստեղծագործական կյանքը շարունակել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

1956-ին Թբիլիսիի հայ դրամայից փոխադրվելով Սունդուկյանի անվան թատրոն՝ Բաբկեն Ներսիսյանը դերասանական նոր միջավայրում անմիջապես գտավ իրեն, ինչպես և հանդիսատեսի ու քննադատության համակրանքը:
Սունդուկյանի անվան թատրոն էր գալիս ստեղծագործական հարուստ փորձի և կայուն նախասիրությունների տեր մի դերասան, որ ուներ մեծ դերերի ոչ միայն չթաքցրած հավակնություն, այլև հնարավորություն:
Նոր թատերաշրջանում նա շատ չանցած գրավեց իր տեղը՝ ունենալով իր անելիքը:
Ներսիայանի առաջին ցայտուն անձնավորումը (Մաուրիսիո ‹‹Ծառերը կանգնած են մահանում››) վկայեց նրա ակներև ձիրքն ու հասուն վարպետությունը: Նույն գրավչությունն էր տալիս  ‹‹Դեպի ապագայի›› նրա կատարմանը  (Հեղինակ, մարտիկ և քաղաքացի), հակառակ դեր խաղաց Բեն Ալեքսանդրի  (‹‹Իմ սիրտը լեռներում է››) և Արա Գեղեցիկի անձնավորումներում:
Առաջին դեպքում բացահայտ պաթոսային խոսքի տեր դերասանը ցույց տվեց բանասիրական խոսքի տիրապետման հիանալի արվեստ:

Բ. Ներսիսյանը, որ արտասանության լավագույն վարպետներից էր (Սայաթ-Նովայի արտասանության մեջ թերևս չգերազանցված), ‹‹Դեպի ապագայում›› Ե. Չարենցի խոսքը հնչեցրեց արտիստական ճշմարիտ ներշնչանքով, հավաք ու խստորոշ: Այստեղ պաթետիկ արտասանությունը ուներ գեղարվեստական արդարացում և իմաստավորում:
Անվերապահ հաջողություն ունեցավ նրա Գևորգը  (‹‹Նույն հարկի տակ››), որի մասին քննադատությունը գրեց. ‹‹Դերասնաի վառ, ինքնատիպ ձիրքը, սուր դերապատկերի նրա հակումը՝ այս ներկայացման մեջ գտան արժանի գործադրություն››:
Բաբկենի անձնավորած կերպարները ստեղծել են գույների շռայլ նվիրումով, արտիստական վարակիչ բավականությամբ, մերկացման շեշտված պաթոսով, վերջապես դերասանին հատուկ պլաստիկայով:
Դերասանն անձնավորել է հրաշալի դրական կերպարներ՝ Բեն Ալեքսանդր  (Վ. Սարոյան ‹‹Իմ սիրտը լեռներում է››), Եղիշե Չարենց  (‹‹Դեպի ապագան››), Պեպինո  (Դե Ֆիլիպո ‹‹Շաբաթ, կիրակի, երկուշաբթի››), Մուրոմսկի  (Սուխովո –Կոբիլին ‹‹Դատական գործ››):
Միքայելը  (Շիրվանզադե ‹‹Քաոս››) Բաբկեն Ներսիսյանի լավագույն դերերից է՝ հարուստ դերասանի և՛ մերկացման, և՛ հաստատման գծերը երևացնելու հնարավորություններով: Հետաքրքիր  էր Ներսիսյանի անձնավորած Սամսոնյանը (Գ. Սունդուկյան ‹‹Ամուսիններ››): Վերստին փարթամ խաղ, գույների թանձրացում, բացասման արտիստական բավականություն:
Միանգամայն սպասելի էր, որ Բ. Ներսիսյանի արտիստական տվյալները կներդաշնակեն Եվրիպիդեսի‹‹Իֆիգենիուն Ավլիսում›› ողբերգությունը Ագամենոնի դերիում և այդպես էլ եղավ:

Հայ ժողովրդի սիրելի դերասանը մահացել է 1986 թվականի փետրվարի 14-ին:

Scroll Up