Հայաստանցի հեծանվորդը՝ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն

Հայկական սպորտի պատմության մեջ նոր էջ է գրվել. Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում «Սկրատչ» մրցաձեւում (40  կմ խմբակային մրցավազք) հայաստանցի 18-ամյա Էդգար Ստեփանյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Առաջին անգամ հայ հեծանվորդը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայում ու ի պատիվ Էդգար Ստեփանյանի՝ Աթենքի հեծանվահրապարակում հնչել է Հայաստանի հիմնն ու ծածանվել Եռագույնը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայից:

Մրցաշարում գերազանց են հանդես եկել նաեւ մեր մյուս ներկայացուցիչները՝ Մհեր Մկրչյանն ու Պավել Ստեփանյանը: Նախորդող շրջանում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ՝ թիմը փայլուն աշխատանք է կատարել Ծաղկաձորում կազմակերպված ուսումնամարզական հավաքի ընթացքում ու փաստորեն կարճ ժամանակում գոհացուցիչ արդունքի հասել: Հավաքականի հաղթանակի մեջ մեծ ներդրում ունի նաև թիմի մեխանիկ Արսեն Բորյանն իր գրագետ աշխատանքով:

Փայլուն հաղթանակի առթիվ մեր մարզիկներին շնորհավորել է Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, մաղթել նորանոր հաղթանակներ և հավաստիացրել, որ չեն բավարարվի միայն այս ձեռքբերումով, տեղում չեն դոփի և կբազմապատկեն ջանքերը՝ հաջորդ մրցաշարերին ևս պատշաճ մասնակցելու համար:

չեմպիոն չեմպիոն1 չեմպիոն2 չեմպիոն3

Scroll Up