Անին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչելու գործընթացը շարունակվում է

Աշխատանքներ են տարվում ժամանակակից Թուրքիայի Կարս նահանգում գտնվող հնագույն Անի քաղաքի ավերակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչելու ուղղությամբ: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է թուրքական «Hürriyet Daily News» պարբերականը:

Կարսի մշակույթի եւ տուրիզմի հարցերի վարչության պաշտոնյա Հաքան Դողանայն ասել է, որ այդ դեպքում Անին կդառնա 16-րդ օբյեկտը Թուրքիայում, որը ներառված կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

«Նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմել է փետրվարի 15-ին՝ մանրամասն հաշվետվություն ներկայացնելով Անիի ավերակների մասին, եւ մենք հիմա ժամանակավոր ցանկում ենք: Աշխատանքներ են տարվում՝ այն մշտական ցուցակում ընդգրկելու համար»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ից խումբ կայցելի Կարս՝ վերջնական որոշում կայացնելու համար:

Նշենք, որ Անին միջնադարյան հայկական թագավորության մայրաքաղաքն էր, որի սահմաններում ընդգրկված էին նաեւ ժամանակակից Հայաստանի մի զգալի մասն ու ժամանակակից Թուրքիայի արեւելքը:

Scroll Up