««Արի տուն» ծրագիրն ուղղակի հրաշալի է, խոսքեր չկան»

153 երիտասարդ՝ աշխարհի 10 երկրից. «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլն ընդլայնել է  իր աշխարհագրությունը՝ ընդգրկելով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, Սիրիան ու Վրաստանը, Ուզբեկստանն ու Հորդանանը, Ուկրաինան ու Իրաքը, Նիդեռլանդներն ու Իսպանիան:

Լևոն Թադևոսյանը Ուզբեկստանի Տաշկենտ քաղաքից է: Նա առաջին անգամ է հայրենիքում: Ակտիվ ու կենսուրախ այս տղային չնկատելն անհնար է: Կատակասեր, շատախոս, բայց միևնույն ժամանակ  խելացի ու համեստ Լևոնը մեծ ոգևորությամբ ու հուզմունքով է խոսում Հայաստանի մասին: «Մինչ այս միայն նկարներով եմ տեսել Հայաստանը: Շատ  էի ուզում գալ ու անձամբ տեսնել այն, ինչը այդքան գեղեցիկ ու գրավիչ էր հեռվից. հիմա այստեղ եմ: Ինձ ընձեռած նման հնարավորության մասին միայն երազել կարելի է: Անչափ  շնորհակալ եմ «Արի տուն» ծրագրի կազմակերպիչներին,  ուղղակի հրաշալի է, խոսքեր չկան»:

Արդեն երրորդ օրն է, ինչ տարբեր մշակույթներ ու արժեքներ կրող երիտասարդները օրվա  մեծ մասը միասին են անցկացնում: Նրանք հասցրել են ընտելանալ միմյանց ներկայությանը և լավ ընկերներ դառնալ: Լևոնը մտերմացել է, հատկապես, Լոս Անջելեսից ժամանած Էրիկի ու Ուկրանիայի Խարկով քաղաքից ժամանած Անդրանիկի հետ:

Այսօր էլ, Սարդարապատի հուշահամալիր կատարած  այցի ժամանակ, հնարամիտ տղան գտել էր թեժ արևից պաշտպանվելու իր ձևը. հակառակ ընկերների ցանկությանը, նրանց հետ ջրոցի էր խաղում հենց թանգարանի մուտքի մոտ: Տղաները Լևոնին  վերաբերում են իբրև իրենց կրտսեր ընկերոջ և հումորով են ընդունում փոքրիկ չարաճճիի ցանկացած արարք:

Ցավոք, Լևոնը միակ մասնակիցն է Ուզբեկստանից, բայց նրա հետ երկար զրուցել ինձ չհաջողվեց: Ակտիվ ու շարժուն տղան փորձում էր լինել միաժամանակ ամենուր՝ բաց չթողնելով գրեթե ոչինչ: Վերջում  խոստացավ, որ երբ վերադառնա Տաշկենտ՝  անպայման իր տպավորություններով է կիսվելու ընկերոջ՝ Դավիթի հետ:  Համոզված է, որ  ընկերը  դեռ  շատ  է ափսոսալու իր ամառն այսպիսի գունեղ ու ջերմ մթնոլորտում չանցկացնելու համար:

Էմմա Վարդանյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

Scroll Up