«Ոսկե ծիրան»-ի առանցքում Ցեղասպանության թեման է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/0167.jpg)
Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի առանցքում Հայոց ցեղասպանության թեման է, գրում է Artsakhpress-ը:
Փառատոնի շրջանակներում Եղեռնին նվիրված բազմաթիվ ծրագրեր և միջոցառումներ իրականացվեցին և դեռ շարունակվում են իրականացվել:
Կինոփառատոնի կազմակերպիչները տեղեկացնում են, որ այսօր, ժամը՝18:00-ին, փառատոնի հյուրերը և գործընկերները այց կկատարեն Ցեղասպանության թանգարան, որտեղ Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալով կպարգևատրվեն ռուսաստանցի կինոքննադատ և մշակութաբան Կիրիլ Ռազլոգովը, կինոռեժիսոր Ռոբ Նիլսոնը, «Վիվասելի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, Ֆրանսիայում ապրող բարերար Ռայմոնդ Եզեգուլյանը, հայաստանցի բարերարներ Պավել Մարգարյանը և Խաչիկ Մանուկյանը:
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի զարգացման 14-րդ աշխատաժողովին ընդհանուր առմամբ ներկայացվել էր 24 հայտ և մրցույթին մասնակցելու համար ընտրվել է 10-ը (5-ական` Թուրքիայից և Հայաստանից):
1. «Խաթուն», ռեժ. Բելգին Չենգիզ, պրոդ. Սերխան Աչար, Թուրքիա – վավերագրական
2. «Մուրատ», ռեժ. Սոնա Քոչարյան, Մարինե Քոչարյան, Հայաստան – վավերագրական
3. «Ես Նիզիբից եմ», ռեժ. Ռաֆֆի Նիզիբլյան, Հայաստան – վավերագրական
4. «ՀՈՄՖՈՒԼ», ռեժ. Գագիկ Ղազարյան, պրոդ. Էլիզաբեթ Հանդլ, բեմադրող օպերատոր. Մահիր Յըլդիզ, Թուրքիա/Հայաստան/Ավստրիա/ԱՄՆ – վավերագրական
5. «Ան-տարածքներ», ռեժ. Չանթալ Փարթամյան, Հայաստան/Լիբանան – վավերագրական
6. «Լռություն», ռեժ./պրոդ. Դիանա Մկրտչյան, Հայաստան/Ֆրանսիա – վավերագրական
7. «Կ’աՐ», ռեժ.Սենեմ Գոկչե, Թուրքիա – կարճամետրաժ
8. «Պատահաբար», ռեժ. Ավիվա Բարխուդարյան, պրոդ. Նորիկ Քեշիշյան, Հայաստան/Գերմանիա – կարճամետրաժ
9. «Մի կաթիլ ջուր», ռեժ. Սաբրի Ումու Բոզիյլ, Թուրքիա – կարճամետրաժ
10. «Օտարում», ռեժ./պրոդ. Հաջի Օրման, Թուրքիա – կարճամետրաժ
Հայտերի հիմնական մասը համատեղ արտադրություններ են:
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն իր գործունեությունը սկսել է 2008 թվականին` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 17 կինոնախագիծ` Հայաստանից և Թուրքիայից:
Ժյուրիի որոշմամբ նախապես ընտրված տասը նախագծերից մեկին կտրվի արտադրության աջակցության մրցանակ՝ 10 000 ԱՄՆ դոլարի չափով, որն այս տարի կիսվել է թուրք ռեժիսոր Սենեմ Գյոկչեի «Կար»և Մարինե և Սոնա Քոչարյանների «Մուրատ» վավերագրական ֆիլմերի հեղինակների միջև: Իսկ ժյուրիի անդամ, «Երկիր» հեռուստատեսության լրատվական ծրագրի ղեկավար Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ մրցանակակիր ֆիլմերը կցուցադրվեն անվճար: