Ադրբեջանական կայքը գործընկերներին բռնացրել է հակահայկական քարոզչության մեջ

Ադրբեջանական contact.az լրատվական գործակալությունը բռնացրել է Musavat.com եւ Salamnews գործակալությունների իր գործընկերներին հակահայկական ապատեղեկատվություն տարածելու մեջ։
NEWS.am-ի փոխանցմամբ՝ «Ադրբեջանական մամուլի փչացած հեռախոսը» վերնագրով հոդվածում կայքը գրում է, որ նախօրեին մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամայել է անհապաղ կրակ բացել հակառակորդի դիրքերին ուղղությամբ Հայաստանի ԶՈւ կողմից Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերը գնդակոծելու պատճառով։
«Musavat.com-ը, վկայակոչելով Salamnews-ին, հայտնում էր, որ անցյալ գիշեր հայկական կողմի իրականացրած կրակահերթի պատճառով վիրավորվել են Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի 3 բնակիչներ՝ 12-ամյա Նարմին Խանբաբաեւան, նրա 8-ամյա եղբայր Թունջայը եւ 44-ամյա Դուրդանա Նագիեւան։
Հայկական կողմի կրակոցներին ի պատասխան՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը հրամայել է համարժեք պատասխան տալ, հայտնել էր ԱՊԱ գործակալությունը։ Հատկանշական է, որ ՊՆ-ն այդ կապակցությամբ մեկնաբանություն չէր արել։ ՊՆ-ում այդ հրամանի շուրջ պարզաբանումներ ստանալու փորձերը ոչ մի բանի չհանգեցրին։
Իրավիճակը ավելի հետաքրքրաշարժ դարձավ այն բանից հետո, եր Ադրբեջանի ՆԳՆ-ն իր կայքում տեղադրեց հետեւյալ հայտարարությունը. «Հուլիսի 13-ին Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում Իսլամ Խանբաբաեւի տանը ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ նրա հյուրերից մեկի՝ Բաքվի բնակիչ Թունջայ Խանբաբաեւի ձեռքում խոշոր տրամաչափի փամփուշտ էր պայթել, ինչի պատճառով վիրավորվել էր նաեւ նրա քույր Նարմինը եւ ազգականուհի Դուրդանա Նագիեւան»,- գրում է contact.az-ը։