Քեսաբահայերին հանձնվեցին ՀՀ քաղաքացու անձնագրեր

Սեպտեմբերի 4-ից 6-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն այցելեց Քեսաբ և Լաթաքիա:

Սեպտեմբերի 5-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագրեր,-հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Շնորհավորելով քեսաբահայերին ՀՀ քաղաքացի դառնալու կապակցութամբ` Տիգրան Գևորգյանը բարձր գնահատեց քեսաբցի հայ մարդու` իր հողի վրա ապրելու և արարելու մեծ ցանկությունն ու անկոտրում կամքը:

Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին` քեսաբահայության նկատմամբ ցուցաբերած հատուկ ուշադրության և հոգատարության համար:

Արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Հայաստանի գլխավոր հյուպատոսն ու Քեսաբի քաղաքապետը քննարկեցին քեսաբցիների առջև ծառացած խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները իրականացումը:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 6-ին, Լաթաքիայի Հայոց Ազգային Առաջնորդարանում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները անցկացրին հյուպատոսական ընդունելություն` Սիրիայի ծովափնյա շրջաններում բնակվող հայերի համար:

Scroll Up