«Արարատ լեռան մասին խոսելիս՝ աչքերս արցունքոտվում են». Եկատերինա Թազայան

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի մասնակից Եկատերինա Թազայանը ծրագրի բացման պաշտոնական արարողության ժամանակ աչքի ընկավ հայրենասիրական կեցվածքով և անմիջական պահվածքով: Եկատերինան, արտասանելով Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, չկարողացավ թաքցնել արցունքները և լաց եղավ:

«Հայերն այսօր»-ը աղջնակի հետ զրույցում պարզեց նրա հուզմունքի պատճառը:

-Եկատերինա՛, պատմական ի՞նչ տեղեկություններ գիտես քո ծննդավայրի մասին:

-Գիտեմ, որ Վրաստանի Ծալկայի տարածաշրջանի Ղզրքիլիսա գյուղը մինչև այսօր պահպանում է իր անվանումը, որը նշանակում է Կարմրավանք: Ծալկան այնպիսի շրջան է, որտեղ ապրում են և՛ սվաններ, և՛ աճարներ, և՛ հայեր, և՛ վրացիներ: Մեր գյուղում հայկական բոլոր ավանդույթներն առ այսօր պահպանվում են:

Գործում են հայկական դպրոց և հայկական պարի խմբակ, Հայ Առաքելական եկեղեցու դռները միշտ բաց են, որի հոգևոր հովիվը ջերմեռանդորեն մեզ եկեղեցու շուրջ է համախմբում և հոգևոր գիտելիքներ տալիս:

-Ի՞նչը քեզ «Արի տուն » բերեց:

-Քույրս մասնակցել էր «Արի տուն» ծրագրին, և նա այնքան հիացական խոսքերով էր պատմում ինձ ծրագրի մասին, որ ակամայից մասնակցելու ցանկություն առաջացավ:

Ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ հնարավորություն ունեցա ոչ միայն Հայաստան այցելելու, այլև տեսնելու պատմական վայրերը, վայելելու մարդկանց ջերմ ու անկեղծ վերաբերմունքը և հայոց լեզվի գիտելիքները կատարելագործելու: Պետք է յուրաքանչյուր սփյուռքահայ պատանի անպայման «Արի տուն» ծրագրի մասնիկը դառնա:

– Առաջին անգա՞մ էիր լինում Հայաստանում:

-Ոչ, մինչ այս մեկ անգամ արդեն եկել էի, բայց շատ վայրերում չէի եղել, միայն Ծիծեռնակաբերդ էի հասցրել գնալ:

Երբ առաջին անգամ Հայաստան էի գալիս, շրջապատում ինձ ասացին, որ այցելությունից հետո ինձ լիարժեք հայ կզգամ: Սահմանն անցնելուն պես, սրտի թրթիռով՝ մտովի փորձում էի այդ փոփոխությունը զգալ: Երբ ձյունածածկ Արարատը տեսա, ամեն ինչ ինձ համար պարզ դարձավ…

Առհասարակ, ամեն անգամ մեր Բիբլիական լեռան մասին եմ խոսում, աչքերս արցունքոտվում են:

Նույն զգացողությամբ համակվեցի, երբ ՀՀ սփյուռքի նախարարությունում «Արի տուն» ծրագրի բացման արարողության ժամանակ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն ասմունքեցի: Հուզմունքիս պատճառը նաև մեկ վայրում այդքան շատ սփյուռքահայ երեխաների հավաքված  տեսնելն էր:

«Արի տուն» ծրագրի կարևոր մասերից մեկն էլ ճամբարային  օրերն են: Ի՞նչ տպավորություններ ես ստացել ճամբարից:

-Հեքիաթային էին ճամաբարային օրերը, անմոռանալի հուշերով ենք վերադարձել:

 Աղավնաձորում գտնվելու ժամանակ ավելի մտերմացանք ու լավ ճանաչեցինք իրար: Կարծում եմ՝ մեզանից ոչ ոք հայրենասիրական ոգով տոգորված այդպիսի օրեր դեռևս չէր ապրել: Արդեն մեր անկեղծ կապը ստեղծվել է, բոլորս խոստացել ենք, որ միահամուռ ուժերով հետագայում կապը կպահպանենք:

– Երբևէ մտածե՞լ ես Հայաստանում հաստատվելու մասին:

-Մինչ «Արի տուն» ծրագրին մասնակցելը, միշտ մտածել եմ, որ Վրաստանում եմ բարձրագույն կրթություն ստանալու:

Ցանկանում եմ իրավաբան դառնալ, և գուցե հետագայում այնպես ստացվի, որ Հայաստանում ապրեմ և սովորեմ:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

Scroll Up