Բելգիահայերն ու արամեացիները՝ Ցեղասպանության մասին բանաձեւում ձեւակերպման մասին

Բելգիայի հայերն ու արամեացիները խորն անհանգստություն են հայտնել Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագծում տեղ գտած ձեւակերպման առիթով, որը հուլիսի 7-ին ընդունել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:

Բելգիայի Հայ դատի հանձնախումբն ու Բելգիական արամեացիների ֆեդերացիան դատապարտել են երկիմաստ տեքստը, մասնավորապես՝ 2-րդ եւ 9-րդ կետերը: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է «Nouvelles d’Arménie»-ին:

Բանաձեւի 2-րդ կետում Բելգիայի դաշնային կառավարությունից պահանջվում է «ճանաչել, որ ներկայիս Թուրքիան չի կարող բարոյական եւ պատմական պատասխանատվություն կրել ողբերգության համար, որը հայերն ապրել են Օսմանյան կայսրությունում»: Իսկ 9-րդ կետում կոչ է արվում սատարել Թուրքիայի եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունները, որոնք աշխատում են երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Հայկական եւ արամեական կազմակերպությունները 2-րդ կետն անհաջող են անվանել՝ նշելով, որ Թուրքիայի քաղաքացիական հասարակության ու մտավորականության համարձակ ներկայացուցիչները հանդես են գալիս արդարության օգտին եւ, չնայած սպառնալիքներին, պայքարում են իրենց երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: «Իսկ թուրքական իշխանությունները, ընդհակառակը, շարունակում են ժխտողական քաղաքականությունը, հերքում են հայերի եւ արամեացիների Ցեղասպանության ապացույցները: Ծայրահեղ դեպքում, պաշտոնական Թուրքիան է բարոյական պատասխանատվություն կրում: Կարո՞ղ եք պատկերացնել Բեռլինում Հիտլերի դամբարան կամ Գիմլերի անվան պողոտա: Գերմանիան իրեն պատասխանատու է համարում ռեյխի կողմից իրագործված հանցագործության համար»,- ասված է հայտարարությունում:

Ինչ վերաբերում է 9-րդ կետին, հայտարարության հեղինակները նշել են. «Նախ անհրաժեշտ է նպաստել հայկական եւ արամեական ասոցիացիաների հետ թուրքական ծագմամբ բելգիական այն ասոցիացիաների մերձեցմանը, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը՝ երկխոսություն սկսելու փորձ անելու համար: Այդպիսի նախաձեռնությունները համարձակություն կտան թուրքական ծագմամբ բելգիացիներին հրապարակայնորեն ճանաչել հայերի եւ արամեացիների ցեղասպանությունը»:

Հիշեցնենք, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 7-ի նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ է ընդունել, որը ներկայացրել է խորհրդարանական մեծամասնությունը: Քննարկումներից հետո տեքստն ընդունվել է, բայց՝ ոչ միաձայն: Ընդդիմության առաջարկած փոփոխությունները մեծամասնության ներկայացուցիչների կողմից մերժվել են:

Scroll Up