Հայոց ցեղասպանության մասին՝ նոր լեզվով
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառոտնի շրջանակներում այս օրերին ցուցադրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «1915» ֆիլմը, որն արդեն ցուցադրեվել է Միացյալ նահանգներում և Ռուսաստանում: Հոգեբանական թրիլլերի ռեժիսորներն են Ալեք Մուհիբյանը և «Գերդաստան ստվերաց» գրքի հեղինակ Կարին Հովհաննիսյանը: «Այս ֆիլմի միջոցով մենք փորձել ենք պատմել ցեղասպանության մասին նոր լեզվով և նոր մոտեցմամբ»,-armradio.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպամանն ասել են երիտասարդ արվեստագետները:
«Հայոց ցեղասպանությունից ուղիղ հարյուր տարի անց ոմն խորհրդավոր ռեժիսոր Լոս Անջելեսի թատրոնում մի ամբողջ դար մոռացված ու մերժված այդ ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված ներկայացում է բեմադրում: Երբ բողոքավորները ներկայացումից առաջ շրջափակում են թատրոնն ու տարօրինակ միջոցներով ահաբեկում են դերասաններին ու պրոդյուսերին, պարզվում է, որ գլխավոր հերոսի՝ Սիմոնի առաքելությունն ավելի վտանգավոր է , քան կարելի էր ենթադրել, իսկ անցյալի ուրվականներն ամենուր են»:
Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի հեղինակած «1915» ֆիլմը հոգեբանական թրիլլեր է: «Ֆիլմը իրականում ժխտման մասին է, այն մասին, թե ինչպես ենք փորձում ազատվել պատմությունից, իսկ այն մեզ շարունակ հետապնդում է: Կարին Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ ֆիլմը անցյալի ուրվականների հետ առերեսվելու անհրաժեշտության մասին է.« Նման ֆիլմերը դատապարտված են տապալվելու, որովհետև ծանր բեռ են կրում»:
«Ֆիլմը ծանր բեռ ունի և ոչ բոլորն են պատրաստ կրելու այդ բեռը: Այդուհանդերձ մենք ունենք պատմություն և այդ պատմության ծառաներն ենք: 1915 –ն էր մեր թեման և այդ թեման ընտրել էինք, որովհետև գիտեինք՝ այդ մասին կարող ենք խոսել այնպես, ինչպես չեն կարող խոսել ուրիշները»,-ասում է Կարին Հովհաննիսյանը:
Ի դեպ, ֆիլմի երաժշտության հեղինակը Սերժ Թանգյանն է:
Ինչպես արդեն նշվեց, ֆիլմի համահեղինակը Ալեք Մուհիբյանն է. գրող, կատակերգու և վերջերս ասպարեզ իջած «Բոըժեք Ամերիկան» վավերագրական ֆիլմի հերոսներից մեկը: Bloodvine Media-ի հիմնադիրներ Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանն ավելի քան տասը տարի համագործակցում են կինոյի և գրականության ոլորտներում: «1915»-ը նրանց առաջին լիամետրաժ ֆիլմն է: