Սան Պաոլոյի համալսարանի պրոֆեսոր Հակոբ Քեշիշյանը պարգևատրվեց «Մայրենիի դեսպան» մեդալով

Հուլիսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Սան Պաուլոյի (Բրազիլիա) համալսարանի պատմության դասախոս, պրոֆեսոր Հակոբ Քեշիշյանին՝ տիկնոջ և դստեր հետ:

 Հակոբ Քեշիշյանը արմատներով Մարաշցի է: Նրա ընտանիքը անցել է գաղթի տառապալից ճամփաներով և վերջապես հաստատվել Բրազիլիայում: Լինելով արմատական հայ ընտանիքի զավակ՝ Հ. Քեշիշյանը ներկայումս դժվարությամբ է համակերպվում այն իրողությանը, որ Հարավային Ամերիկայում ուծացման վտանգը գնալով ուժգնանում է: Այդ պատճառով ձգտում է անել հնարավորը՝ նպաստելու բրազիլահայության ազգային ինքնության պահպանմանը:

 Ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբի կողմից իրականացված ձեռնարկները՝ պարոն Քեշիշյանը պատմեց նաև այդ միջոցառումներին ունեցած իր ներդրման մասին. դասախոսություններ, հայոց պատմությանը նվիրված ուսումնասիրությունների հրատարակում, թարգմանական աշխատանքներ, մասնակցություն մշակութային բազմաբնույթ ձեռնարկների և այլն:

 Շնորհակալություն հայտնելով հյուրին իր հայանպաստ գործունեության համար՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նույնպես իր մտահոգությունը հայտնեց Հարավային Ամերիկայում հայկականության, մասնավորապես հայոց լեզվի նահանջի վերաբերյալ և հավաստիացրեց, որ հայապահպանությանը միտված ցանկացած նախաձեռնություն աջակցություն կստանա նախարարության կողմից:

 Զրույցի ավարտին, նախարարը, առ ի գնահատություն պրոֆեսոր Քեշիշյանի հայանպաստ գործունեության՝ նրան պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:

Scroll Up