Արի տուն-2015. Վիտալի Մկրտչյան. «Կարծես վաղուց Հայաստանում եմ ապրում, Վրաստանը մոռացել եմ»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/jjjj.jpg)
Վիտալի Մկրտչյանը Թբիլիսիի թիվ 148 ռուսական դպրոցում է սովորում, փոխադրվել է 8-րդ դասարան: Թբիլիսիում լավ ընկերներով է շրջապատված, որոնց հետ շատ ժամանակ է անցկացնում, համախոհ են, յուրաքանչյուր հարցում օգնում են միմյանց:
Վիտալին առաջին անգամ է լինում Հայաստանում: Գալով Հայաստան՝ նա հուզմունքից անընդհատ փորձել է կենտրոնանալ և հասկանալ՝ արդյո՞ք այս ամենն իր հետ է կատարվում, իրո՞ք Հայաստանում է գտնվում, թե՞ ոչ: «Առավոտյան երբ արթնանում եմ, այն զգացողությունն եմ ունենում, որ կարծես վաղուց Հայաստանում եմ ապրում, Վրաստանը մոռացել եմ և ամբողջությամբ լցվել հայկական ոգով»,-ասաց Վիտալին: Վիտալին պատմում է, որ ծնողներին միշտ խնդրել է` իրեն Հայաստան տանեն, սակայն անընդհատ չէր ստացվում: Հիմա նա այստեղ է: Միանգամից սիրել է Հայաստանը, հատկապես մայրաքաղաք Երևանը, զբոսանքը Երևանի գիշերներով:
Վրաստանի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի հորդորին հետևելով է Վիտալին որոշել մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրին:
«Այստեղ ինձ շատ լավ եմ զգում, մեր պատմամշակութային վայրեր, հատկապես եկեղեցիներ այցելիս՝ հպարտությամբ եմ լցվում, որ նման հարուստ, գեղեցիկ վայրեր ունենք: Միաժամանակ ափսոսում եմ, որ չեմ կարող ամեն օր գնալ այդ վայրերը, քանի որ Հայրենիքիցս հեռու եմ գտնվում»,-տխրությամբ ասում է Վիտալի Մկրտչյանն ու հույս հայտնում, որ կգա մի օր, երբ վերջնականապես կտեղափոխվի Հայաստան, քանի որ հայրենի հողի վրա հաստատվելու ցանկությունը մեծ է:
Գևորգ Չիչյան