«Հայրենիքի հողն Աստվածային բարիք է, և մենք այդ բարիքի պահապաններն ենք». Գևորգ Հաջյան
Իմ զրուցակիցը հայրենադարձ երգիչ Գևորգ Հաջյանն է, ով տարիներ շարունակ միշտ ներկա է եղել ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած գրեթե բոլոր միջոցառումներին և հնչեցրել Կոմիտասի՝ ժողովրդական զուլալ աղբյուրներից բխող երգերը: Հայրենադարձության և երգի թեմաների շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը:
– Ինչպե՞ս կատարվեց Ձեր հայրենադարձությունը. Ձեզ որևէ մեկն ուղղորդե՞ց, թե՞ որոշումն ու կամքը Ձերն էր և Ձեր ընտանիքինը:
– Շնորհակալ եմ ինձ այս հնարավորությունն ընձեռելու համար: Մանկությունից մենք ձգտում ենք ունեցել դեպի Հայաստան, դեպի երազների երկիր: Ես մուսալեռցու թոռ եմ և միշտ մեծ ցավ եմ ապրել, երբ իմ պապուկս, մեծ հայրիկս, մեծ մայրիկս պատմել են տեղահանության, 1915թ. ահասարսուռ ոճրագործության մասին: Հատկապես մեծ մայրս միշտ ասում էր. «Երանի այդ նավն ընկղմվեր, և մենք չհասնեինք այս արաբական ափերը, լավ էր մնայինք ծովի հատակում, քան թե տեղահանվեինք մեր դրախտավայր Մուսալեռից»: Ինչպես գիտեք, Այնճարն այսօր զուտ հայկական բնակչությամբ, հայահոծ քաղաք է. ես ծնվել, մեծացել եմ այնտեղ, ուր պահպանվել են հայկական բոլոր ավանդույթները: Կազմավորվելով այնտեղ՝ հողի կանչը, տնից, արմատներից պոկված լինելու այդ ցավն ինձ բերեց այն եզրակացության, թե մենք՝ արևմտահայերիս ժառանգները, մեր հողի վրա վերստին ծլարձակելով պետք է հզորացնենք ունեցածը և ոչ թե շարունակ տառապենք կորցրածի ու անցյալի դաժան հիշողություններից… Այսօր մենք պետք է հավաքվենք ազատ, անկախ Հայաստանում, մեր նախնիների ցավն ամոքենք՝ կառուցելով, շենացնելով, հզորացնելով մեր Հայրենիքը, միշտ մեր մեջ պահելով այն հավատն ու կամքը, որ պետք է վերատիրանանք Արևմտյան Հայաստանին և իրականություն դարձնենք ազատ, անկախ ու Միացյալ Հայաստանի գաղափարը: Շատ կարևոր է այն փաստը, որ մենք ընտանիքով ենք հայրենադարձվել՝ ես, կինս ու տղաս, ով այսօր սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Կնոջս՝ Ֆրիդա Հաջյանի ծնողներն ու իմ հայրիկը հավերժության մեջ են, մայրս, փառք Աստծո, ողջ է և ապրում է Լիբանանում, այնտեղ են նաև մեր քույրերն ու եղբայրները: Հայաստան առաջին անգամ ոտք ենք դրել 1998-ին, իսկ 2005-ին տեղափոխվեցինք մշտական բնակության:
– 1998-ին եկել էիք համոզվելու, թե արդյոք կկարողանա՞ք ապրել Հայաստանում…
– Չէ՜, մենք չէինք եկել ուսումնասիրելու, համոզվելու, թե արդյոք կկարողանա՞նք ապրել Հայաստանում: Մենք երբեք չենք մտածել նախօրոք գալ Հայրենիք, աշխատանք փնտրել, տնտղել պայմանները. մեր պարագայում ավելի շատ խենթությունն էր առաջնորդողը, Հայրենիք երևույթի, եղելության հանդեպ ունեցած սերն ու երազանքը: 10 տարի է, ինչ Հայաստանի մշտական բնակիչներ ենք և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ արդեն 5 տարի: Երբ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու երդումը պետք է տայի, ՀՀ սփյուռքի նախարարությունից ինձ զանգահարեցին և ասացին, որ ֆիլմ են նկարում, ուր կցանկանային նաև իմ կյանքի այդ կարևոր փաստը՝ երդման արարողությունը նկարահանել, և ես սիրով մասնակցեցի ֆիլմի նկարահանմանն ու ընթացքում երգեցի Կոմիտասի «Հայաստան, երկիր դրախտավայր»-ը. շատ հուզիչ էր իրողությունը: Մենք պետք է պայքարենք, որպեսզի մեր ջանասիրությամբ բոլոր նահատակների արյան կաթիլների վրա Հայրենիքի նկատմամբ մեր բծախնդրությունն ավելացնելով, իսկապես, ունենանք այդ Երկիր-դրախտավայրը:
– Պարո՛ն Հաջյան, տեղյակ եմ, որ մինչև Հայաստան տեղափոխվելը դուք 10 տարի ապրել եք Քուվեյթում. ի՞նչ տվեցին ձեզ այնտեղ ապրած տարիները, դուք այնտեղ ամբարում էիք ձեր կարո՞տը, թե՞ փորձում էիք կենցաղավարության, մասնագիտական կայացման, ինքնահաստատման կայուն հիմքեր ապահովել:
– Այդ 10 տարիները տիկնոջս և ինձ համար փորձությունների տարիներ էին. մենք ընդամենը 23-24 տարեկան էինք, մեր զավակը նոր էր ծնվել: Մենք կենցաղավարելու պայմաններ չունեինք: Տեղի Ազգային վարժարանից այնտեղ դասավանդելու հրավեր էինք ստացել: Երկու տարով պայմանագիր ունեինք, որը երկարեց ու ձգվեց մինչև 10 տարի: Այո՛, դրանք ինքնահաստատման և մասնագիտական կայացման տարիներ էին: Մենք մի միջավայրում էինք, ուր՝ դպրոցում, եկեղեցում, ընտանիքներում, միութենական կյանքում, առօրյայում պետք է շարունակ արթուն պահվեր հայապահպանության կայծը: Դպրոցի տնօրինությունը ցանկություն ուներ, որ ևս 2 տարի մնայինք, որովհետև դեռևս իրականացվելիք ծրագրեր կային, սակայն մենք արդեն որոշում էինք կայացրել: Դժբախտաբար, Հայաստանի ժխտական, բացասական երևույթների մասին դրսում ավելի շատ է բարձրաձայնվում, Հայաստանի լրատվամիջոցներով ավելի շատ սպանությունների, սոցիալական այլևայլ խնդիրների, աղքատության մասին ավելի շատ է խոսվում, քան՝ ձեռքբերումների, հաղթանակների, շինարարությունների… Մարդու տեսակն էլ բացասականը շատ ավելի արագ է կլանում: Կային մարդիկ, ովքեր զարմացել էին՝ իմանալով Հայրենիք գալու մեր մտադրության մասին: Իհարկե, եղան նաև շատ բարի ու ազնիվ ընկերներ, ովքեր ողջունեցին մեր հայրենադարձվելու որոշումը:
– Ձեր պատկերացարած Հայաստանը, հայը, նմա՞ն են արդյոք ձեր երազի Հայաստանին:
– Ես չեմ վարանի ասել, որ միշտ հայի մոդելի փնտրտուքների մեջ եմ: Որպես արևմտահայերի ժառանգներ՝ մենք Սիրիայում, Լիբանանում միշտ դաստիարակվել ենք հայրենասիրությամբ: Դպրոցը, արվեստը, մշակույթը ազգային հնոցներ էին մեր կյանքում. մենք այդ ոգեղենությամբ էինք դաստիարակվել ու ամրացել: Իհարկե, երբ եկանք Հայաստան, անշուշտ, բախվեցին մեր երազանքների, մեր պատկերացրած Հայաստանն ու իրական Հայաստանը: Սակայն դա չի նշանակում, որ քո երազանքի Հայաստանը չգտնելով, պետք է փախչես, հակառակը՝ պետք է ձեռք ձեռքի տալ, քրտինք թափել և ստեղծել, կառուցել, հզորացնել ու շենացնել այս նվիրական հողը: Բոլորս անցողիկ ենք, պետք է հողի մասին մտածել, մտածել, թե ինչպես և ինչ ենք ժառանգություն թողնելու եկող սերունդներին:
– Խոսենք Գևորգ Հաջյան երգչի մասին. որտեղի՞ց են Ձեր երաժշտական ակունքները:
– Մայրիկս, հայրիկս, քեռիներս ի վերուստ օժտված էին գեղեցիկ ձայնով: Այդ շնորհը, հավանաբար, ամենից շատ ինձ է փոխանցվել: Այնճարում ապրող միջնեկ քույրս էլ է երգում, իսկ փոքր քույրս երգում է միայն ընկերական միջավայրում, եղբայրս սկսել է երգեր գրել: Մասնագիտական կրթություն այդ առումով միայն ես եմ ստացել: Հիշում եմ, երբ մայրս ձեռագործ էր անում, ինձ կանչում էր իր մոտ ու հայրենասիրական երգեր էր սովորեցնում: Դպրոցական հանդեսների ժամանակ դեռ մանկուց սկսել եմ երգել, արժանացել ծափահարությունների ու դրվատանքի: Սկզբում կրթություն ստանալով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության դպրեվանքում՝ այնտեղ սովորեցի հայկական հոգևոր շարականները, ժողովրդական երգերը: Ունեցա հրաշալի ուսուցիչներ՝ պարոն Գևորգ Գանտահարյանը, ով մեր երգչախմբի ղեկավարն էր և հոգևոր երաժշտության պատասխանատու Զարեհ արքեպիսկոպոս Ազնավուրյանը. երկուսն էլ երջանկահիշատակ են: Այդ մեծերի շնորհիվ սովորում էինք երգը կատարել բծախնդրությամբ, հոգով, նվիրումով, ստեղծագործաբար: Ավարտելով Դպրեվանքի 8-ամյա ծրագիրը՝ դարձա Լիբանանի համազգային շրջանային վարչության Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական քոլեջի սան: 1992-ի վերջերն էր, երբ առաջին անգամ նորանկախ Հայաստանից արվեստագետների առաջին հոսքը եկավ Լիբանան. նրանք դասախոսում էին երգարվեստ, նկարչություն, քանդակագործություն: Հրավիրված էր նաև Հարություն Թոփիկյանը՝ ղեկավարելու «Գուսան» երգչախումբը: Կանաչյանի անվան քոլեջում ստեղծվեց խմբավարական դասարան, և մենք երեք ընկերներով դարձանք Թոփիկյանի խմբավարական դասարանի առաջին ուսանողները: Դժբախտաբար, դա տևեց 2-3 տարի, մենք էլ մեկնեցինք Քուվեյթ: Հետագայում, Հայաստան գալով, տիկինս դարձավ ԵՊՀ-ի մագիստրատուրայի ուսանող, ես էլ՝ Կոմիտասի անվան պետական կոսներվատորիայի ուսանող: Կոնսերվատորիայում խմբավարական բաժնում եմ սովորել և ունեի հրաշալի ուսուցիչ՝ Իվան Վարդանյանը: Այդ տարիներին նաև վարպետության դասեր եմ առել համաշխարհային բեմերի զարդ, օպերային հանրահռչակ երգիչ Բարսեղ Թումանյանի մոտ:
– Ավարտելուց հետո աշխատե՞լ եք Ձեր մասնագիտությամբ, դասավանդե՞լ եք որևէ տեղ:
– Ես ավելի շատ համերգային շրջագայություններով եմ զբաղված: Երգիչը բեմերում է կայանում: Երգիչ լինելն անհատականություն է. չորս հոգով մի քանդակ անել չի լինի, ամեն մի երգն էլ մի քանդակ է:
– Ո՞վ է Հայաստանում կամ որևէ երկրում համերգներ կազմակերպելու համար Ձեզ աջակցում:
– Իմ ամեն մի ծրագրի համար տարբեր բարերարներ գտնվեցին, բայց արտերկրում իմ հրապարակային ելույթների, վարպետության դասեր առնելու հարցում ամենամեծ ներդրումն ունեցավ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը: Իմ ծրագրերին շատ են աջակցում ՀՀ սփյուռքի, Պաշտպանության նախարարությունները, Նյու Յորքի Սուրբ Լուսավորիչ Մայր տաճարի հոգևոր հովիվ Գրիգոր Լաքիսյանն է ինձ նաև աջակցում, ով ամեն տարի մեկ ամսով և ավելի, ինձ հրավիրում է՝ ղեկավարելու տեղի երգչախումբը, համերգներ տալու, ինչպես նաև աջակցում են ընկերներս:
– Ինչպե՞ս դարձաք Սփյուռքի նախարարության մի մասնիկը. ինքնե՞րդ բախեցիք դռները, թե՞ Ձեզ գտան ու հրավիրեցին:
– Երբ Քուվեյթում էի (երևի 2003 թվականն էր) ՀՀ ազգային ժողովի պատվիրակությունն էր եկել, որի կազմում էր նաև պատգամավոր, այսօրվա Սփյուռքի նախարար տիկի Հրանուշ Հակոբյանը: Այդ տարիներին ես տեղի Ազգային առաջնորդարանի դիվանապետն էի: ՀՀ ազգային ժողովի պատվիրակությունն այցելեց մեր եկեղեցի, հետո նաև զրույց ունեցանք. տիկին Հրանուշ Հակոբյանին ասացի, որ Հայաստան գալու մտադրություն ունենք, նա ինձ քաջալերեց: ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծման օրվանից դարձել եմ նրա մի մասնիկը: Ես հավատում եմ, որ այդ նախարարությունը պիտի դառնա Հայաստանի իրական դիմագիծը: Նախարարության հետ իմ համագործակցությունը շատ ջերմ է: Ինձ հանձնարարված ամեն մի գործ ես համարում եմ պետական կարևոր գործուղում և կատարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Այդպիսի մի կարևոր գործուղում էր Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգային ծրագրին իմ մասնակցությունը: ՀՀ սփյուռքի նախարարությունն ինձ գործուղեց այնտեղ՝ հանդես գալու հայ համայնքում: Ինձ հետ էր նաև ԱԺ պատգամավոր և ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Շուշան Պետրոսյանը: Երեք շաբաթում 4 համերգ տվեցինք. համերգների ընթացքում ես չէի կարող չարտահայտվել ու չբարձրաձայնել՝ եկե՛ք Հայաստան, զորացրեք Հայաստանը: ՀՀ սփյուռքի նախարարությունն ինձ համար ընտանիք է, և ես այդ ընտանիքի մի մասն եմ:
– Ձեր հայրենանվեր գործունեության համար որևէ պարգևատրման արժանացե՞լ եք:
– Այո՛, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից արժանացել եմ «Կոմիտաս» ոսկե մեդալին, որը շատ պարտավորեցնող է. այն ոչ թե հպարտություն է միայն, այլև իմ ընտրած ճանապարհից չշեղվելու մի փարոս: Ինձ համար պատիվ էր նույն բեմում պարգևատրվել Հովհաննես Չեքիջյանի և Տիգրան Մանսուրյանի նման մեծությունների կողքին: Դա ազգային դիմագիծ ներկայացնող ծրագրի, միջոցառման հրաշալի մի դրվագ էր՝ պարուրված Կոմիտասի շնչով, որը, կարծում եմ, կարելի է ցուցադրել հեռուստատեսությամբ, «Հայերն այսօր»-ի կայք-էջում: Այդ միջոցառմանը բոլոր համայնքներից երգիչներ, երաժիշտներ էին հրավիրված, Կոմիտասի ոգին էր թևածում, կոմիտասացանք այդ օրը:
– Պարո՛ն Հաջյան, շատ խոսեցինք երգից, բայց ես այդպես էլ չիմացա, թե որն է Ձեր սիրելի երգը՝ երգ, որ միշտ Ձեր հոգու խորքում է, հիշողություններում, շուրթերին…
– Խորհրդավոր հարցում է, որի պատասխանը կտամ հետևյալ ձևով՝ ես, հավանաբար, աչքերս փակելու ժամանակ միայն կհասնեմ եզրակացության, թե որն էր իմ շատ սիրած երգը: Եթե ակունքների մասին խոսեմ, այնտեղ ամեն ինչ զուլալ է. տարբերություն չկա «Շողեր ջան» է, թե՝ «Անտունի»: Սրանք Կոմիտասից ժառանգած գոհարներ են, իսկ մաշտոցյան ապաշխարության շարականները հզոր փաստն են այն բանի, որ մինչև ժողովուրդների, ազգերի քրիստոնյա դառնալը՝ Հայաստանն ընդունել էր քրիստոնեությունը, Մաշտոցը ստեղծել էր հայոց գրերը և այդ շարականները: Դեռ չկար այսօրվա կաթոլիկ աշխարհը և ոչ էլ նրանց հոգևոր երգերը, բայց Մաշտոցն արդեն ուներ աշխարհի առաջին հիմնաքարը դնող ապաշխարության շարականները, որոնք, իմ կարծիքով, ոչ միայն հայ առաքելական եկեղեցու, այլև քրիստոնեական ընդհանրական եկեղեցու հիմքն են կազմում: Որպես երգչի՝ իմ մեջ դեռ ավարտված չէ այն հանքահետազոտությունը, որը դեռ ինձ պիտի հասցնի հնագույնին:
– Մայր, մանկություն, երգ համատեքստում ո՞ր երգն եք ամենից շատ հիշում:
– «Արև ծագեց» Համազասպի երգը. սա ազատագրական պայքարի երգերից է: Երգն սկսվում է արևով, որը հայ ժողովրդի խորհրդանիշն է, մենք արևորդիներ ենք, կրակածին, դա մեր նախաստեղծ լինելու մասին ևս մեկ փաստ է:
– Եթե Դուք Հայաստան այցելած սփյուռքահայ հյուր լինեիք, ես կհարցնեի՝ ի՞նչ է Հայրենիքը Ձեզ համար և կակնկալեի երազային, կարոտաբաղձ մի պատասխան, սակայն Դուք արդեն 10 տարի Հայաստանի բնակիչ ու քաղաքացի եք և այս հարցին ավելի իրատեսական պատասխան գուցե տաք:
– Իմ Հայրենիքն իմ հողն է, որն ինձ համար սրբության տաճար է: Հայրենիքի հողն Աստվածային բարիք է, և մենք այդ բարիքի պահապաններն ենք: Որքան Հայրենիքի պաշտպանները, բնակիչները շատ լինեն, այնքան Հայրենիքի հավերժացման բեռը թեթև կլինի: Հայրենիքն իմ աչքի լույսն է:
– Շնորհակալությո՛ւն, հետաքրքիր ու բովանդակալից զրույցի համար, որի ընթացքում հայրենադարձված Գևորգ Հաջյան երգիչն ու հայրնեասերն ինձ համար բացահայտվեց ավելի գունեղ նրբերանգներով:
Կարինե Ավագյան