«Նա ով չի տեսել Արցախը, չի տեսել Հայաստանը». Անդրանիկ Պողոսյան

Այս օրերին Արցախում է  Հալեպի Կրթասիրաց «Ս.Չեմբերջյան»  վարժարանի տնօրեն, Բերիո թեմի ազգային գավառական ժողովի անդամ Անդրանիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ։
Նրա համար Արցախն այլևս հեռավոր հայրենիք չէ, որտեղ կյանքում գեթ մեկ անգամ լինելը սփյուռքում ապրող յուրաքանչյոր հայի նվիրական երազանքն է։
Արցախն արդեն իր երկրորդ օջախն է, որի կառուցմանը շիվ է ավելացնում նաև իր որդին, Արցախն իր թոթովախոս թոռնիկն է, որ ապրում է Շուշիում և որը Արևմտյան Հայաստանից  Սիրիա գաղթած իր նախնիների ու ապագա սերունդների կապող օղակն է։ Մի քանի տարի առաջ Հալեպի  վարժարանի տնօրենի հետ մեր հարցազրույցն այլ հարցադրումներից սկսեինք երևի, բայց այսօր, երբ ողջ աշխարհի հայացքը կենտրոնացած է Սիրիայի վրա, ինչպես մի ժամանակ՝ Արցախի, սկսեցինք հենց սիրիական թեմայով։
– Պարո´ն Պողոսյան, ի՞նչ է այսօր կատարվում Սիրիայում, Հալեպում։ Մեզ հատկապես մտահոգում է  Սիրիայի հայ համայնքի վիճակը, քանի որ այն Մայր գաղութ է համարվում, և որտեղ ամենամեծ հայկական սփյուռքն էր։
– Հալեպն այլևս առաջվանը չէ։ Այն, որ եղել է հայերի, արաբների և այլ ազգերի խաղաղ բնակության վայր, որը բազմաթիվ հայ գաղթականների է տեղ տվել, սոված, անոթի, դժբախտ մարդկանց՝ օթևան, աշխատանք ու նրանց համար երկրորդ հայրենիք դարձել, այսօր ինքն է օգնության կարոտ։
Մենք՝ հայ գաղթականներս և նրանց զավակները, երախտապարտ ենք այն հոգածության, հյուրընկալության համար, որ ստացել ենք Սիրիայում։ Սիրիան իրավամբ համարում եմ իմ հարազատ միջավայրը, քանի որ նա մոր պես  հոգ է տարել բոլոր հայ գաղթականների մասին, իսկ Հայաստանին, Արցախին կապված եմ արյան կանչով։
Ցավով ենք տանում հայի յուրաքանչյուր տառապանք, քանի որ այդքան ողբերգություններ տեսած ազգի յուրաքանչյուր զավակի արյունը շատ թանկ է մեզ համար։ Այսօր էլ Սիրիայի հայ համայնքը միաբան է, և մենք պարբերաբար տարբեր կազմակերպությունների ու համայնքի անունից պաշտոնապես միասնության կոչ ենք անում։
Մինչև  պատերազմը Հալեպում  շուրջ 25 հազար հայ էր ապրում, հիմա այնտեղ  7 հազարից էլ  պակաս  հայ է մնացել, և այդ թիվը նվազում է, քանի որ սիրիական պատերազմի պատճառով մարդիկ հեռանում են։ Տեղացիների հետ սիրիահայերը հաշտ են ապրում։ Պետք է ասել, որ նույնիսկ մուսուլմանները դեմ են կրոնամոլներին, ովքեր  ցանկանում են բռնության ուժով մեկընդմիշտ լուծել կրոնական հարցը։
– Սփյուռքում ծնված յուրաքանչյուր հայ գաղթի իր պատմությունն ունի։ Որտեղի՞ց են գաղթել Ձեր ծնողները և հաստատվել Հալեպում։ 
– Ծնողներս Արևմտյան Հայաստանի Տարոնի շրջանից են։ Տակավին մանուկ՝ հայրս  գաղթի բոլոր դժվարություններն ապրելով, հարազատներին կորցնելով եկավ և ապաստանեց Կամիշլիում։ Նրա օրինակը բազմաթիվ հայերի կյանքն է արտացոլում։ Հայրս իր  աշխատասիրությամբ  հարգանք էր ձեռք բերել և իր զավակների համար ապագա ապահովել։ Այնտեղ ես մեծացա, տառաճանաչ դարձա և ապրեցի երկար տարիներ։ Կամիշլիում պետական  գրասենյակի  տնօրեն էի,  բայց  տեղափոխվեցի Հալեպ, որպեսզի իմ երեք զավակները հայկական միջավայրում մեծանան (Հալեպի հայ համայնքը շատ  հզոր էր)։ 1999-ից առայսօր շարունակում եմ իմ գործունեությունն այնտեղ՝ Հալեպի կրթասիրաց Ս. Չեմբերջյան  վարժարանում։
Կրթօջախը հիմնադրվել է 1924թ.։ Սկզբում նախակրթարան էր, ուներ մինչև 218 աշակերտ։ Բարերարների ու  ժողովրդի ուժերով  վերափոխվեց միջնակարգ և երկրորդական  կրթարանի։ 2011-2012 տարեշրջանին  կրթարանն ուներ 730 աշակերտ։ Ցավոք, սիրիական դեպքերի պատճառով թիվը նվազեց մինչև 540, ապա՝ 500։ Կարծում եմ, նվազման միտումը շարունակվելու է։ Ենթադրում եմ, որ հաջորդ ուսումնականում այն շուրջ 450 կլինի։ Սակայն, որքան էլ նվազ լինի աշակերտների թիվը, մենք պարտավոր ենք դպրոցի դռները բաց պահել, քանի որ իրավունք չունենք հայ աշակերտին, որ 90-100 տարի առաջ Դեր Զորի ավազների վրա այբուբեն էր սովորում, այսօր զրկել այդ հնարավորությունից։
Վարժարանը վճարովի է։ Ընդհանրապես սփյուռքում դպրոցները պատկանում են կամ համայնքներին և կոչվում են ազգային, կամ՝ միություններին ու կազմակերպություններին և կոչվում են միութենական։ Կրթասիրացը վերջինների շարքին է դասվում։ Կրթությունն այնտեղ վճարովի է, բայց եթե որևէ մեկը չի կարողանում վճարել, օգնում են բարերարները, եթե այլ միջոցներ չեն լինում, դպրոցն է վճարում։ Սա տարիների ավանդույթ է, սկզբունք, որ պահպանում ենք մինչև այսօր։
– Ի՞նչ եք անում, երբ պարապմունքների ժամանակ ռմբակոծություն է սկսվում. չէ՞ որ  մանուկների կյանքի համար պատասխանատվությունը շատ մեծ է։ 
– Փորձում ենք բոլոր միջոցներով ապահովել աշակերտների անվտանգությունը։ Երբ որևէ մոտակա տեղ պայթյուն է լինում, կամ հարձակման վտանգ, աշակերտներին կազմակերպված տանում ենք ապահով տեղ, ապա տեղեկացնում ծնողներին, որ գան վերցնեն իրենց զավակներին։
– Պարո´ն Պողոսյան, որոշ սիրիահայեր որոշեցին հայրենադարձել և իրենց ապագան կապել հայրենիքի հետ։ Նրանցից ոմանք նույնիսկ Արցախ եկան։ Բայց շատերը չցանկացան մնալ հայրենիքում։ Ինչո՞վ եք դա պայմանավորում։ 
– Պատճառներն, իմ կարծիքով, մի քանիսն են։ Ինչպես ասում են՝ թմբուկի ձայնը հեռվից քաղցր է հնչում։ Նախ երևի հայրենիքում հանդիպած դժվարություններին չդիմացան, եվրոպաները նրանց ավելի քաղցր և ապրուստի տեսանկյունից գայթակղիչ թվացին։ Երկրորդ պատճառը, կարծում եմ, այն է, որ գուցե ավելի գրկաբաց ընդունելության էին սպասում, քանի որ իրենք պատեհ առիթի դեպքում շատ հյուրընկալ են վերաբերվել. հիշենք Արցախյան պատերազմը, երկրաշարժի դեպքերը, երբ մայր գաղութը միաբանվեց և փորձեց հնարավորության, ուժերի սահմաններում օգնության ձեռք մեկնել։ Հայրենիքն ինքն էլ դժվարին կացության մեջ է՝ ունի տնտեսական, արտաքին  քաղաքական խնդիրներ։ Մարդկային և շուկայական հարաբերություններն այլ բարքեր են թելադրում, ամեն մեկը սեփական շահն է հետապնդում։ Գուցե կարելի էր հայրենիք եկած գործատերերին, որոնք Հալեպում արհեստանոցներ ունեին և լավ արհեստավորներ են, գործ տալ, ինչը կօգներ շենացնել ինչպես հայրենիքը, այնպես էլ օժանդակել դժվար կացության մեջ հայտնված հայրենակիցներին։ Հայրենիքում գործող օրենքներն էլ մի քիչ դժվարությամբ էին ընկալվում  նրանց կողից։ Դրանք ևս բարդություններ առաջացրին։ Մի մասն էլ գուցե մտածում էր, որ հայրենիքը գանձարան է, որից պիտի բաժին ստանային։ Իրականում պետք է տաս՝  որ առնես։
– Ես գիտեմ, որ ձեր զավակներից մեկը՝ Սևակը, արդեն տեղափոխվել և ապրում է Շուշիում։ Երբևէ չե՞ք մտածել Արցախ տեղափոխվելու մասին։ Մանավանդ  Սիրիայում իրավիճակի սրման համապատկերին։
– Ո´չ։ Ես պիտի գնամ։ Իմ երեք զավակներն ապրում են Սիրիայից դուրս, բայց Հալեպում ևս 500 սան ունեմ, որոնք անհամբեր սպասում են իմ վերադարձին։ Նրանց ձգելու իրավունք չունենք։ Նրանք այնտեղ են՝ մայր գաղութը պահելու, հայեցի կրթվելու, դաստիարակվելու համար։ Ես պարտավորություն եմ զգում ինչպես նրանց, այնպես էլ սիրիական ժողովրդի առջև, քանի որ երբ մենք ողբերգություն էինք ապրում և նրանց կարիքն ունեինք, նրանք մեր կողքին էին։
– Դուք ամեն տարի այցելում եք Արցախ։ Արցախը ներսից տեսնելով՝ ի՞նչ գնահատական եք տալիս, համապատասխանո՞ւմ է այն  Ձեր պատկերացրածին։ 
– 1992թ. մայիսի 9-ին հարսանիքում էինք, երբ լսեցինք Շուշիի ազատագրման լուրը։ Ժողովուրդը մի պահ մոռացավ հարսանիքը, բոլորը տեղից ցատկեցին, սկսեցին պարել, գրկախառնվել։ Դա ազգային զգացում էր, հաղթանակի, վերածննդի զգացողություն։ Բոլորս այնտեղ մեկ հոգի և մեկ մարմին էինք։ Երբ  տիկնոջս հետ առաջին անգամ եկա Արցախ (դա չորս տարի առաջ էր), տեսա այս հրաշալի բնությունը, շնչեցի անապական օդն ու զուլալ աղբյուրների ջուրը խմեցի։ Վերադառնալով Հալեպ՝ ինքս ինձ հարցրի՝ ինչպիսի՞ն է Արցախը։ Ու  պատասխանեցի. նա, ով Արցախը չի տեսել, չի տեսել Հայաստանը։ Հիմա, երբ պարբերաբար գալիս եմ Արցախ, որոշ ժամանակ ապրում Շուշիում, հարցեր են առաջանում… Քանի՞ աշակերտ կա այսօր Շուշիի դպրոցներում, քանի՞ լույս է վառվում պատուհաններում, և քանիսի՞ն են օժանդակում, որ գան այստեղ ապրելու, քանի՞ հոգի է եկեղեցի հաճախում… Սփյուռքի մեջ ազգը միաբան, ամուր պահողը եկեղեցին է, քանի որ այնտեղ պետականություն չունենք։ Եկեղեցին մեզ համար պաշտպան է, հովանի, ու մենք նրա շնորհիվ մեզ հայ ենք զգում։ Հայրենիքն ավելի ուժեղ է՝ այստեղ կա պետականություն և եկեղեցի։ Պաշտպանությունն էլ ավելի ամուր պիտի լինի, երբ այդ երկուսը կատարեն իրենց գործառույթները։ Հպարտությամբ եմ հիշում այն օրերը, երբ ամբողջ համայնքով հավաքում էինք Արցախի մասին յուրաքանչյուր տեսագրություն, բրոշյուր նայում  կամ  կարդում, պատմում մեր հերոսների մասին։ Մի խոսքով, ողջ սիրիահայությունն ապրում էր Արցախով։
Հալեպահայ համայնքում շատ լավ ավանդույթներ կան, որոնք հարգանքի են արժանի և պետք է օրինակ ծառայեն. այնտեղ արգելված է և բացառվում է, որ հայը ձեռքը մեկնի և փող մուրա։ Ամբողջ համայնքը և հայերն առանձին¬առանձին օժանդակում են իրար դժվարին պահերին։ Հիշենք՝ դա այն դեպքում, երբ այնտեղ պետականություն չկա։ Բոլորս պետք է միաբանվենք՝ ի շահ մեր ազգի, ի շահ հայրենիքի։ Շատերը գնացին Սիրիայից, այդ թվում և հայեր։ Իսկ ես այն թողնել չեմ կարող, չեմ կարող մոռանալ այն հողը, որ դարման եղավ հորս և մորս, չեմ կարող մոռանալ այն ժողովրդին, որ իր մի կտոր հացը կիսեց իմ ազգի հետ։ Հայը երախտագետ ազգ է։ Եվ այդ երախտագիտության զգացումի շնորհիվ չենք կարող թողնել այդ հողը։
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
artsakhtert.com
Scroll Up