Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում Գերմանիայի Այխշտետ քաղաքում

Սույն թվականի հունիսի 12-ին Գերմանիայի Այխշտետ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում:Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը:
Այն կազմակերպվել էր Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու Այխշտետի թեմի առաջնորդ Գերաշնորհ Գրեգոր Մարիա Հանկե (Gregor Maria Hanke) եպիսկոպոսի, ինչպես նաեւ Այխշտետ-Ինգոլշտադի կաթոլիկ համալսարանին կից գործող Կոլլեգիում Օրիենտալե (Collegium Orientale) էկումենիկ հաստատության ռեկտոր Դոկտոր Օլեքսանդր Պետրինկոյի (Dr. Oleksandr Petrynko) եւ փոխռեկտոր Դոկտոր Թոմաս Կրեմերի (Dr. Thomas Kremer) անմիջական ջանքերի շնորհիվ եւ Այխշտետ-Ինգոլշտադի կաթոլիկ համալսարանի ասպիրանտուրայի ուսանող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Անդրեաս աբեղա Եզեկյանի ու Բավարիայի Հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Այգիկ քահանա Հովհաննիսյանի աջակցությամբ: Միջոցառման իրականացմանը նպաստել էր նաեւ Ռենովաբիս (Renovabis) բարեգործական կազմակերպությունը:
Միջոցառմանը ներկա էին կաթոլիկ եւ բողոքական բարձրաստիճան հոգեւորականներ, Այխշտետ-Ինգոլշտադի կաթոլիկ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, զանազան քրիստոնեական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ շարքային հավատացյալներ:
Ոգեկոչման ծրագիրն սկսվեց Ս. Պատարագով, որը մատուցեց սույն միջոցառմանը հրավիրված Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը: Պատարագի ավարտին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման խոսքով հանդես եկավ Այխշտետի թեմի առաջնորդ եպիսկոպոս Գրեգոր Մարիա Հանկեն:
Ս. Պատարագից հետո Հայոց ցեղասպանությանը նվիրված մի շարք զեկուցումներով հանդես եկան Գերաշնորհ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը, Դոկտոր Թոմաս Կրեմերը, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի Քրիստոնյա արեւելքի պատմության եւ աստվածաբանության ամբիոնի վարիչ Դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Ռաֆի Գազերը (Prof. Dr. Hacik Rafi Gazer) եւ նույն համալսարանի Եկեղեցական երաժշտության ամբիոնի վարիչ Դոկտոր, պրոֆեսոր Կոնրադ Կլեկը (Prof. Dr. Konrad Klek):
Գերաշնորհ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը ներկայացրեց Հայոց Եկեղեցու դրությունը Հայոց ցեղասպանությունից հետո, այնուհետեւ անդրադարձավ սույն թվականի ապրիլի 23-ին տեղի ունեցած Ցեղասպանության զոհերի Սրբադասման արարողությանը եւ Սիրիայի հայ գաղութի ներկայիս իրավիճակին: Դոկտոր Թոմաս Կրամերը ներակայացրեց «Մեծ Եղեռն-Հայերի ցեղասպանությունը, որպես 20-րդ դարասկզբի ամենամեծ հանցագործություն. պատմական փաստեր եւ հետեւանքներ» վերտառությամբ զեկույցը: Իսկ Դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Ռաֆի Գազերն անդրադարձավ հայկական քրիստոնեական մշակույթի ոչնչացմանը Օսմանյան կայսրությունում 1895-1923 թվականներին: Միջոցառումն ավարտվեց Դոկտոր պրոֆեսոր Կոնրադ Կլեկի Կոմիտաս վարդապետի երաժշտական ժառանգության վերաբերյալ զեկուցումով եւ Կոմիտասի ու Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարմամբ:

Scroll Up