Թուրքիան նկարահանել է Հայոց ցեղասպանության մասին առաջին գեղարվեստական ֆիլմը

Այս մասին ըստ Artsakhpress-ի` հաղորդում է թուրքական Today’s Zaman-ը, որը ցեղասպանությունը որակում է «հայերի աքսորը Անատոլիայից»:
«Կորուսյալ թռչունները» վերնագրով ֆիլմը թողարկվել է հունիսի 30-ին: Համացանցում հնարավոր է տեսնել ֆիլմի թրեյլերը` հղումով:
Ֆիլմի սյուժեն ծավալվում է մի քրոջ ու եղբոր շուրջ, ովքեր 1915-ից հետո մնում են նախնիների հողում, սա սիրո ու ընտանիքի պատմություն է:
Ֆիլմի սցենարի հեղինակը և համառեժիսորը հայազգի Արեն Պերդեջին է, մյուս համառեժիսորը՝ թուրք Ալէ Ալյամաջը: Գլխավոր դերակատարները ևս հայ ու թուրք են` ի դեմս Դիլա Ուլուջայի և Հերոս Ագոփյանի: Ֆիլմում հանդես են եկել Թուրքիայում բնակվող հայ դերասաններ:
Աղբյուրի բնորոշմամբ՝ «Կորուսյալ թռչունները» շրջադարձային աշխատանք է թուրքական կինոյի համար, քանի որ առաջին կինոաշխատանքն է ողբերգության մասին և նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: