ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց վիրաբույժ Ակիրա Իշիյամայի, Սալպի Ակարագյանի և Արթուր Շուքուրյանի գլխավորած պատվիրակությանը

Հուլիսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ի UCLA համալսարանի գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար ճապոնացի Ակիրա Իշիյամայի, համալսարանի բուժքույրական բաժնի և միջազգային կապերի տնօրեն և AIMF-ի նախագահ Սալպի Ակարագյանի և «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժնի վարիչ Արթուր Շուքուրյանի գլխավորած պատվիրակությանը:
Մասնագետները «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացրել են խխունջային ներպատվասմամբ վիրահատություններ, որի շնորհիվ մեծ թվով երեխաներ և մեծահասակներ ձեռք են բերել լսելու և խոսելու ունակություն՝ ինտեգրվելով հասարակությանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ճապոնացի մասնագետ Ակիրա Իշիյամային՝ իր ժամանակն ու ջանքերը՝ նախ հայ մանուկներին բուժելու, ապա հայ մասնագետներին նման փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն ընձեռելու համար:
Գերատեսչության ղեկավարը Ակիրա Իշիյամային պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:
Շնորհակալություն հայտնելով արժանացրած պարգևի համար՝ ճապոնացի մասնագետը նշեց, որ Հայաստանում կան փայլուն մասնագետներ, իսկ բոլոր վիրահատություններից հրաշալի արդյունքներ են գրանցվել:
ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց ամերիկահայ մասնագետ և բարերար Սալպի Ակարագյանին՝ նշելով, որ հատկապես հայ մանուկներին օգնելու այս նախաձեռնությունը Հայրենիք-Սփյուռք գործակցության փայլուն օրինակ է:
«2004 թվականից սկսած AIMF-ի ջանքերով «Էրեբունի» բժշկական կենտրոնը վերազինվել է անհրաժեշտ նորագույն սարքավորումներով, և տիկին Սալբիի նախաձեռնությամբ մինչ օրս համալսարանի լավագույն բժիշկները և հայ մասնագետները համատեղ վիրահատել են 86, իսկ 2015թ.-ին՝ 9-ը հիվանդի»:
25-ամյա հայրենանվեր գործունեության, Հայաստանում և Սփյուռքում բարեգործական գործունեություն ծավալելու, Հայաստանի և Սփյուռքի միջև գործուն կապերն ամրապնդելու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Սալպի Ակարագյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:
ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժնի վարիչ Արթուր Շուքուրյանին՝ Սփյուռքի մեր հայրենակցի և օտար մասնագետների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում բազմաթիվ հայ մանուկների լսողությունը և տեսողությունը վերականգնելու համար: