Բացվել է «Հայաստանը եւ հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» վիրտուալ թանգարանը

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների և Ֆրանսիայի դեսպանության «Ռոտոնդյան հանդիպումների» շրջանակներում, հունիսի 29-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունեցել «Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» վիրտուալ թանգարանի պաշտոնական ներկայացումը։ Մասնավորապես ներկայացվել են  Ցեղասպանությանը նվիրված ցուցասրահները, գրում է News.am-ը:

Թանգարանը, որի ստեղծման գաղափարն առաջացել է 2014 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի առիթով և 2015թվականին հարստացվել Ցեղասպանության մասին փաստաթղթերով, արդյունքն է Հայաստանի Ազգային արխիվի և Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության Արխիվի գործընկերության:

Վիրտուալ թանգարանը նպատակ ունի ինչպես հանրության լայն շրջանակներին՝ Հայաստանում և սփյուռքում, այնպես էլ գիտնականներին առավել հանգամանորեն ծանոթացնել Առաջին համաշխարհային պատերազմում Հայաստանի տեղի, պատմական, դիվանագիտական ասպեկտների, Ցեղասպանության հետևանքով մարդկային ողբերգության մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես Հայաստանը կարողացավ դիմակայել, ոտքի կանգնել և այս անասելի փորձությունը դարձնել ուժ՝ իր ապագան կերտելու համար:

Վիրտուալ թանգարանն ունի 4 գործող ցուցասրահ.

«Ֆրանսիան և Հայաստանը» սրահը, որը ներկայացնում է ֆրանս-հայկական հարաբերությունների ընդհանուր համայնապատկերը,

«Կովկասի մուտքը պատերազմ» սրահը, որը ներկայացնում է հայկական հարցը միջազգային և ռազմական գործողությունների ֆոնի վրա,

«Հայ ռազմիկները բոլոր ճակատներում» Կովկասում, Ֆրանսիայում, Արևելքում և Կիլիկիայում,

«Ցեղասպանությունը՝ հանցանք մարդկության և քաղաքակրթության դեմ», որտեղ ներկայացված է պատմական շրջանակները, վկայություններ ջարդերի մասին, հզոր տերությունների արձագանքը, տուժածներին ցուցաբերված օգնությունը։

Համալրվելով նորանոր բացահայտումներով, այս ցուցասրահները ներառում են Հայաստանի և Ֆրանսիայի արխիվներից ստացված փաստաթղթերի, տեքստերի, լուսանկարների, ֆիլմերի մի ընդարձակ շտեմարան՝ տարբեր լեզուներով:

Մյուս երկու ցուցասրահները աստիճանաբար կհամալրվեն, հնարավորություն տալով թանգարանին ներկայացնել նաև նոր պատմությունը։

Ցուցասրահներում զետեղված մեկնաբանությունները շուտով կթարգմանվեն հայերեն և անգլերեն: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա, ըստ ցանկության կառաջարկվեն թվային ցուցահանդեսներ ասոցիացիաների, դպրոցների համար:

Scroll Up