Արցախում անցկացվել է թթի փառատոն.լուսանկարներ
Հունիսի 27-ին ԼՂՀ կառավարության առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ Ամարաս վանքի հարակից տարածքում առաջին անգամ կազմակերպվել է թթի փառատոն:
Ացախպրես»-ի հաղորդմամբ՝ Ամարասի վանքում տեղի է ունեցել օրհնության արարողություն։ ԼՂՀ 7 շրջաններից կազմված տաղավարներում ներկայացվել են թթից ստացված բարիքները` թթի օղին, դոշաբը, չամիչը, մուրաբան: Բացի դրանից, ցուցադրվել են արցախյան թթի օղու և դոշաբի պատրաստման ավանդական եղանակները և թթի օղու թորման մշակույթը։
Կազմակերպվել են նաև ավանդական խաղեր, թթենիների թափ տալու մրցույթներ, հյուրասիրություն և այլ ժամանցային միջոցառումներ: Փառատոնի ընթացքում հնչել են հայկական ավանդական և ժամանակակից երգ ու երաժշտություն: Իսկ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ տեղի է ունեցել թթի օրհնության արարողություն։ Միջոցառման մասնակիցները ծանոթացել են արցախցի տաղանդավոր նկարիչների, վարպետների, կավագործների աշխատանքներին, ինչպես նաև փառատոնում ներկայացվել են մետաքսագործությունը և մետաքսի մշակման արվեստը:
Թթի փառատոնին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից:
Նշենք, որ թութը և դրանից ստացված բարիքները մեծ նշանակություն ունեն արցախցիների համար. դրա վկայությունը հենց թթենիների բազմաթիվ այգիների առկայությունն է ամբողջ Արցախում: Փառատոնի կազմակերպման առաջնահերթ նպատակներից են` տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման խթանումը, տեղական արտադրության զարգացումը, արցախյան խոհանոցի հանրահռչակումը, ինչպես նաև համայնքների մշակութային կյանքի աշխուժացումը: