«Հայաստանն ինձ համար հոգի, սիրտ, արյուն է. իմ հոգին ճախրում է Հայաստան ասելիս». Աննա Ջանբազյան
Լոս Անջելեսից Հայաստանում գտնվող «Ջանբազյան» պարի ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, պարուսույց Աննա (Անահիտ) Ջանբազյանը հյուրընկալվել էր ՀՀ սփյուռքի նախարարությունում, ուր նրա հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
– Բարի՛ գալուստ Հայրենիք, տիկի՛ն Ջանբազյան: Գիտեմ, որ Ձեր առաքելությունը Հայրենիք տոնական առիթով է:
– Այո՛, մենք եկել ենք՝ մեր պարի ակադեմիայի 75-ամյա հոբելյանը նշելու Հայրենիքում: Մեր այցը համընկավ նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված բազմաթիվ միջոցառումներին: Ես մտածեցի ստեղծել մի նոր գործ այդ առիթով և այսօր արդեն ունենք «Քարահունջ» բալետը, որը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին: Մենք կունենաք նաև պարերի շարան:
– Դո՞ւք եք հեղինակը «Քարահունջ»-ի:
– Այո՛: Դա խոնարհումս է եղեռնազոհ իմ ժողովրդին:
– Տիկի՛ն Ջանբազյան, Քարահունջ անվանումը, Սթոուն Հեյնջի ձևի ու բովանդակության նույնությունը զանազան գիտական բացատրություններ ունի. այն ևս մի ապացույց է հայերի, Հայկական լեռնաշխարհի նախաստեղծ լինելու մասին. արդյոք դա՞ է Ձեր ստեղծած բալետի հիմքում:
– Ինձ մոտ Քարահունջը պատմություն է: Միտքն այն է, որ կին-էությունն՝ իբրև այդ քարը, սկսած հայոց հին պատմությունից, հայ թագուհիներից մինչև հասարակ ու պարզ հայուհիները՝ այդ քարերի նման ամուր է, կայուն և ուժեղ: Այսօրվա կինը ճիշտ մեր պատմության նման, քարի նման ամուր է, նա այդ քարերի ձայնն է, հոգին է. քարերն էլ խոսել գիտեն:
– Քանի՞ տարի եք զբաղված այդ ոլորտում:
– Հայրս՝ Սարգիս Ջանբազյանն է հիմնադրել Թեհրանի բալետի ակադեմիան 1941-ին: Ծնվածս օրվանից ապրել և մեծացել եմ այդ արվեստով հագեցած միջավայրում: Առաջին քայլերս պարելով եմ արել: Պարն իմ կենսաձևն է եղել և կա: 1963-ին հայրս մահացավ: Ես եկա Երևան, սովորեցի, այնուհետև վերադարձա Թեհրան, շարունակեցի հայրիկիս գործը և արդեն 45 տարի է, ինչ այդ ոլորտում եմ, դասավանդում եմ և ստեղծագործում:
– Ձեր գործի շարունակողները կա՞ն:
– Անշո՛ւշտ. նրանք իմ աշակերտներն են: Հուսով եմ, որ նրանք էլ կդառնան մեր պատմության ամուր քարերը:
– Ի՞նչ նշանավոր ստեղծագործություններ եք բեմադրել, որոնք մեծ ուշադրության են արժանացել Սփյուռքում և Հայրենիքում:
– Բացի բալետից ես ստեղծում եմ ժողովրդական պարեր, բայց իմ աշխատանքը հիմնականում ժողովրդականի և դասականի համադրությունն է: «Կոմիտաս» բալետս Սփյուռքում 4 մրցանակ է ստացել, Իտալիայում ևս 2 մրցանակ ենք ստացել, մրցանակի են արժանացել «Զալ և Ռուդաբեմ», «Հոգու գոհար» և այլ գործեր: 45 տարի անընդմեջ աշխատել եմ և երբեք արձակուրդ չեմ ունեցել. դա՛ է հենց մեր հաջողությունների գրավականը:
– Ձեզ ճանաչո՞ւմ են Լոս Անջելեսում. խոսքս միայն հայերի մասին չէ:
Այո՛, որովհետև մինչ այդ արդեն ճանաչում էին հորս՝ Սարգիս Ջանբազյանին. նա Թեհրանում առաջին բալետմայսթերն էր և այդ գործի հիմնադիրը: Մեր ակադեմիան մասնակցել է մի շարք փառատոների, շրջագայել և ելույթներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրների մեծ ու փոքր բեմերում:
– Ո՞ր տարիքից և ի՞նչ ազգության ներկայացուցիչներ են ընդգրկված Ձեր խմբում:
– Խմբում ընդգրկված են 4 տարեկանից մինչև պատանեկան, երիտասարդական և ավելի մեծ տարիքի տարբեր ազգերի ներկայացուցիչներ. իհարկե, մեծ մասը հայեր են:
– Ձեր խումբը քանի՞ անգամ է եղել Հայաստանում:
– Երեք անգամ՝ 2003-ին, 2006-ին և 2013-ին: Հուսով եմ, որ այս այցը վերջինը չի լինի:
– Ձեր խմբում միայն պարի՞ մեջ է դրսևորվում պարողների հայկականությունը, թե՞ նաև հոգում, սրտում ու շուրթերին է այն դրոշմված:
– Շատ գեղեցիկ ասացիք. պարն, անշուշտ, օգնում է նաև հայապահպանությանը: Կարծում եմ, որ այն օտար ափերում մեր ինքնության պահպանության գրավականներից մեկն է:
– Ձեր աշխատանքը Ձեզ լիարժեքության, հաճույքի զգացում պարգևո՞ւմ է, թե՞ այն պարտավորություն է և երբեմն հոգնեցնում է…
– Եթե այդ աշխատանքը չունենայի, երևի չապրեի. ես ապրում եմ իմ աշխատանքով, իմ ստեղծագործություններով, հոգնել բառն ինձ օտար է:
– Տիկի՛ն Ջամբազյան, Հայաստանից ո՞ւմ հետ եք խորհրդակցում պարերի ուսուցման որոշ տարրերի և հագուստների հարցում:
– Իմ խմբի պարերը ազգագրական և ընդգծված ժողովրդական չեն. հագուստների համար օգտվում եմ էսքիզներից: Անհրաժեշտության դեպքում կդիմեմ պարոն Կարեն Գևորգյանին:
– Պարի լեզուն կարողանո՞մ է ամբողջապես արտահայտել Ձեր զգացումները:
– Անպայմա՛ն. պարը ապրումներ, երկիր, սովորույթներ արտահայտելու հզոր միջոց է:
– Պատահե՞լ է, որ Հայաստանից մեկնելուց հետո, համակված Հայրենիքի գույներով ու բույրերով, ստեղծեք մի նոր գործ:
– Ամեն անգամ Հայաստանից մեկնելուց հետո ես միշտ մի նոր գործ եմ ստեղծել. այդ ոգևորության ակունքը Հայրենիքս է եղել:
– Ի՞նչ է Հայաստանը Ձեզ համար՝ աշխարհագրական հարազատ տարա՞ծք, տո՞ւն, հանգրվա՞ն…
– Հայաստանն ինձ համար հոգի, սիրտ, արյուն է. իմ հոգին ճախրում է Հայաստան ասելիս:
Կարինե Ավագյան