Հայկական մշակույթի երեկոներ Վոլգայի ափին
ՌԴ-ում գործող Աստրախանի «Երիտասարդների հարցերով զբաղվող գործակալությունը» աջակցում է երիտասարդ տաղանդների զարգացմանը։ Եվ այդ զարգացման ուղղություններից մեկն էլ ազգամիջյան հարաբերությունների կարգավորումն ու համախմբումն է։ Այդ ծրագրի շրջանակներում գործակալությունը կազմակերպում է «Վոլժևյան ներկապնակ» (Волжская палитра) միջոցառումների շարքը, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ կարող են ներկայացնել իրենց մշակույթի գեղեցկությունը։
Աստրախանյան շոգ կիրակիներն ավելի գեղեցկացնելու և հաճելի դարձնելու համար՝ գործակալությունը հնարավորություն է տալիս տարբեր ազգային մշակութային կենտրոննորին ներկայացնել իրենց արվեստը։
Անցած կիրակի աստրախաբնակ հայերին և մյուս ազգերի ներկայացուցիչներին տեղի հայ համայնքը հաճելիորեն զարմացրեց ոչ միայն տեղաբնակ տաղանդավոր հայ երգիչների ու պարողների կատարմամբ․ համերգի ընթացքում Վոլգայի ափին զբոսնող քաղաքացիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն ունեցան վայելել աստրախանաբնակ նկարչուհիներ Կարինե Բաբայանի և Կարինե Այդինյանի գունեղ կտավների հմայքը։ Համերգի ավարտին տեղում գործող «Արաքս» և «Արև» պարի խմբերն իրենց ղեկավարների հետ միասին պարի հրավրեցին ներկաներին։
Ուրախ երեկոն ավարտվեց կեսգիշերին։
Լուսինե Սարգսյան,
Աստրախան