Դեսպան Թումանյանի հանդիպումը Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահի հետ
Հունիսի 22-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մասուդ Խանսարիի հետ:
Ողջունելով ՀՀ դեսպանին՝ Մասուդ Խանսարին բարձր գնահատեց Իրանի և Հայաստանի միջև առկա քաղաքական և տնտեսական հարաբերությունների մակարդակը և հույս հայտնեց, որ դեսպան Թումանյանի առաքելության ընթացքում իրենք ականատեսը կլինեն տնտեսական հարաբերությունների էական զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Թումանյանը նշեց, որ, չնայած պատմական ընդհանուր անցյալի, մշակութային սերտ կապերի և քաղաքական բարենպաստ մթնոլորտի առկայությանը, տնտեսական հարաբերություններում առկա է չիրացված զգալի ներուժ: Նա ներկայացրեց ԵՏՄ անդամակցությամբ ՀՀ-ի համար ստեղծված նոր բարենպաստ միջավայրի և Հայաստանում ներդրումների համար առկա այլ դրական գործոնների մասին: